ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ երկու ելք է մնալու՝ կամ զինված դիմադրություն՝ մեծ արյունահեղությամբ, կամ դուրս գալ Արցախից. Դավիթ Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությունը զուտ բանակցության կամ երկխոսության համար չեն տարվում, դրանք ինչ-որ բան պետք է ֆիքսեն, ինչ-որ առաջընթաց ապահովեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը

«Եթե խնդիրը մարդասիրական է, որևէ հարց այստեղ չկա, որովհետև 2020-ից ի վեր այդ հարցերի շուրջ ադրբեջանական կողմի հետ պարբերաբար քննարկումներ եղել են, որոնողական աշխատանքներ են եղել, ինչ-որ մեկը մոլորվել է և այլն: Բայց Ադրբեջանը հիմա փորձում է մեզ պարտադրել այլ թեմա և այլ ձևաչափ: Երբեմն ավելի լավ է չերկխոսես, քան երկխոսես, որովհետև կարող է դրանից հետո ավելի բարդ ու վատ իրավիճակ ստեղծվել»,-ասաց նա:

Բաբայանի խոսքով,  կա իրարամերժ պատկերացում ապագայի վերաբերյալ. «Ադրբեջանն ասում է՝դուք կողմ չեք, Արցախը չկա, դուք գոյություն չունեք, դուք ինչ-որ մի հայ ազգաբնակչություն եք, և մենք ձեզ հետ կարող ենք խոսել միայն, այսպես կոչված, ինտեգրացիայի մասին, որը լինելու է պետության ապամոնտաժում, Արցախի գաղութացում: Արցախը լավագույն դեպքում վերածվելու է ռեզերվացիայի: Այսինքն պետությունը քանդում ենք, Ադրբեջանն իր գերիշխանությունը հաստատում է, և սրանով առաջին փուլը վերջանում է, հետո սկսվում են ռեպրեսիաներ, մարդկանց նստացնելու են միջազգային հանրության լուռ, խուլ պահվածքի ներքո: Հայաստանն էլ դժվար թե ինչ-որ բան անի:

Մենք ասում ենք՝ եկեք հավասարը հավասարի հետ խոսենք, բայց դա էլ ռեալ չէ, որովհետև տեսնելով մեր ծանրագույն վիճակը, իրենք մտածում են՝ սրանք ո՞վ են, որ սրանց հետ մենք բանակցենք: Քանդուքար եղած երկիր են, իրենց սեփական մայրն ուզում է իրենցից հրաժարվել: Այս պայմաններում Ադրբեջանի փոխարեն բոլորն էլ այդպես կանեին»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Նա հավելեց, որ եթե Ադրբեջանն այդ բանակցությունների ժամանակ վերջնագիր ներկայացնի՝ 24 կամ 36 ժամ ժամանակ տալով Արցախից դուրս գալու համար, իրենք ի՞նչ պետք է անեն. «Երբ գա Ադրբեջանի հետ խոսելու պահը, դա լինելու է ծայրահեղ իրավիճակ, որի ժամանակ Արցախի ապագան պետք է որոշվի՝ կամ դուրս գալ, կամ չգիտեմ ինչ լինի: Այդ դեպքում երկու ելք է մնում՝ կամ զինված դիմադրություն՝ անհասկանալի հետևանքներով, բայց մեծ արյունահեղությամբ, կամ պարզապես տղամարդավարի, չընդունելով այդ նվաստացուցիչ պայմանները, դուրս գալ: Բայց այդ դուրս գալը, ըստ երևույթին, լինելու է նաև Հայաստանից, որովհետև մարդիկ արդեն չեն տեսնելու ապագա Հայաստանում: Հայ ազգ հասկացությունն է հոդս ցնդելու, Հայաստանի հասարակությունը մուտացիայի ենթարկված հասարակություն է դառնալու, և արդեն դառնում է, որովհետև չենք տեսնում Արցախի հանդեպ այն հոգատարությունը, որ պետք է լիներ: Իսկ սա բերելու է արդեն մեծ ողբերգության արդեն Հայաստանի համար: Ադրբեջանը արդեն հայտարարում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular