Rheinmetall-ը Գերմանիայում սկսել է F-35 կործանիչների ֆյուզելյաժների մասերի արտադրության նոր գործարանի կառուցումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպառազինություններ արտադրող գերմանական Rheinmetall-ը երեքշաբթի նշել է արեւմտյան Վիզե քաղաքում նոր գործարանի կառուցման մասին, որն արտադրելու է F-35 մարտական անտեսանելի ինքնաթիռի ֆյուզելյաժի մասեր, տեղեկացրել է DW-ն։
Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի վարչապետ Հենդրիկ Վյուսթը մասնակցել է շինհարթակի հիմնարկեքի արարողությանը՝ հայտարարելով, որ «այստեղ կառուցվելու է գերժամանակակից գործարան, որը երաշխավորելու է լավ աշխատատեղեր տասնամյակների համար»։
Rheinmetall-ը Lockheed Martin ամերիկյան ընկերության գործընկերն է, որն արտադրում է F-35-ներ ամերիկյան մեկ այլ ընկերության՝ Northrop Grumman-ի հետ միասին։
Գործարանը, որի արժեքը գնահատվում է 200 մլն եվրո եւ որի մակերեսը կկազմի մոտ 60 000 քառակուսի մետր, պետք է շահագործման հանձնվի 2025թ.։
Նրա աշխատակիցները՝ 450 հոգի, պատրաստելու են ֆյուզելյաժի մասեր առնվազն 400 ինքնաթիռների համար, որոնցից 35-ը նախատեսված են Գերմանիայի զինված ուժերի համար, եւ որոնց արժեքը 8,3 մլրդ եվրո է։ Այդ ինքնաթիռները գնվելու են 100 մլրդ եվրո փաթեթի շրջանակում, որը համաձայնեցվել է կառավարության հետ անցած տարի՝ երկրի զինված ուժերի արդիականացման համար։
Մնացած ինքնաթիռները, որոնց մատակարարումները նախատեսվում է սկսել 2026թ., ամենայն հավանականությամբ, կգնվեն ՆԱՏՕ գծով այլ գործընկերների կողմից։ Մնացած բաղադրիչներն ինքնաթիռի համար կմատակարարվեն այլ արտադրողներից, իսկ դա նշանակում է, որ Rheinmetall-ը կստանա շահույթի ընդամենը ոչ մեծ մասը։
Գործարանի հետ կապված՝ կարող է ստեղծվել եւս 1 500 աշխատատեղ։
Lockheed Martin F-35 Lightning II ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենաարդիական ինքնաթիռը։ Գերմանիայի ռազմաօդային ուժերը կգնեն դրանք՝ փոխարինելու համար իրենց հնացող Panavia Tornado բազմաթիրախ ռեակտիվ ինքնաթիռների ավիապարկը։
F-35-ը կարող է կրել միջուկային զենք եւ լինել ՆԱՏՕ միջուկային զենքի համատեղ օգտագործման հայեցակարգի մի մասը, որի համաձայն՝ դաշինքի անդամները ամերիկյան ատոմային ռումբերի հասանելիություն ունեն։