ԵԽԽՎ նախագահը ԵԽ նախարարների կոմիտեին ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչ է հղել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը ԵԽ Նախարարների կոմիտեին կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ գնահատելու իրավիճակը, որում հայտնվել է արցախահայությունն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացումը, հիշեցնում եմ Վեհաժողովի՝ հունիսի 20-ին Նախարարների կոմիտեին ուղղված դիմումը՝ հնարավորինս արագ փաստահավաք առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ գնահատելու այն իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հասանելիություն չունենալու հետևանքով։
Միանում եմ երկխոսության կոչին, որը հղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2023 թվականի հուլիսի 28-ին, և կոչ եմ անում Հայաստանին ու Ադրբեջանին, որպես ԵԽ անդամ երկրներ, վերջապես կատարել անդամակցության ընթացքում ստանձնած իրենց փոխադարձ պարտավորությունները՝ նվազեցնելու լարվածությունը և վերականգնելու իրենց երկրների միջև խաղաղությունը»: