Էրդողանը մտադիր է եռապատկել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան ամբողջ աշխարհին կներկայացնի պաշտպանական արդյունաբերության նորույթները, որ ստեղծվել են առաջավոր տեխնոլոգիաների օգտագործմամբ և նոր հորիզոններ են բացելու։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում անցկացված IDEF-23 պաշտպանական արդյունաբերության միջազգային 16-րդ ցուցահանդեսի փակման արարողությանը։
Էրդողանը հայտարարել է, որ պաշտպանության արդյունաբերության ոլորտում նախկինում սկսված նախագծերը կարագացվեն։ Բացի այդ, Թուրքիան կշարունակի զինված ուժերի կարիքներից բխող նոր արտադրանքի մշակումը։
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ եթե 2002 թ․ պաշտպանական արդյունաբերության հատվածում գործում էր ընդամենը 57 ընկերություն, ապա այսօր այդ թիվը 2500 է։
«Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը առաջին կիսամյակում գերազանցել է 2 մլրդ դոլարը։ Մենք նպատակ ենք դրել արտահանման ցուցանիշը մինչև տարվա վերջ հասցնել 6 մլրդ դոլարի»,- նշել է նա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանն անդրադարձել է նաև առաջին թուրքական KAAN ռազմական ինքնաթիռին՝ նշելով, որ այն անգարից դուրս է եկել 3 ամիս առաջ և թռիչքի պատրաստ կլինի տարվա վերջին։
Ըստ Էրդողանի, Թուրքիան այսոուհետ էլ պաշտպանական արդյունաբերության ոլորտում իր հնարավորություններով ու փորձով կօգնի բարեկամական և եղբայրական երկրներին։
Նա անընդունելի է համարել երկրների միջև անվտանգությունը որպես սպառնալիք կամ ճնշման լծակ օգտագործելը։
«Թուրքիայի նպատակը առաջիկայում արտահանման մեծացման հաշվին պաշտպանական արդյունաբերության էկոհամակարգի ամրապնդումն է»,- ավելացրել է Էրդողանը։