ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում հանրաքվեի միջոցով ցանկանում են ազդել Փաշինյանի քաղաքականության վրա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dw.com-ը գրում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների հերթական փուլը բեկումնային որոշումներ չբերեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Միևնույն ժամանակ, Հայաստանում մի խումբ ակտիվիստներ և քաղաքական գործիչներ նախաձեռնել են «հայկական հանրաքվե» («Հայաքվե») կոչվող նախաձեռնությունը, որը հաջողությամբ իրականացնելու դեպքում կարող է շրջել ներկայիս բոլոր դասավորությունները և փոխել իրավիճակը Բաքվի և Երևանի միջև բանակցություններում։ Դրա էությունը Հայաստանի անունից ցանկացած այնպիսի գործողության քրեականացումն է, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղը մեկ այլ պետության մաս ճանաչելը։ DW-ն փորձել է պարզել, թե ինչու՞ են նախաձեռնության հեղինակները որոշել այդ կերպ ազդել բանակցային գործընթացի վրա և արդյո՞ք դա կհանգեցնի ռազմական նոր սրացման:
 «Հայաքվե»-ն, որը սկսել են մի խումբ հասարակական և քաղաքական գործիչներ, ստորագրահավաք է, որը պետք է բացահայտի հայ հասարակության դժգոհությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման իշխանությունների վարքագծից։ Առաջարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել, պատիժ սահմանել այն պաշտոնյաների համար, ովքեր Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը կճանաչեն որպես Ադրբեջանի մաս։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են նաև քրեական հետապնդում իրականացնել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: Սակայն միջնորդության հիմնական նպատակը, ըստ դիտորդների, Ղարաբաղի խնդիրն է։ Փաստն այն է, որ այդ համազգային ստորագրահավաքի գաղափարն առաջացել է ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին հնչեղ հայտարարությանը։ Ղարաբաղում, որի բնակչությունը Բաքվի կողմից կազմակերպված շրջափակման պատճառով ավելի քան յոթ ամիս զրկված է սննդի, գազի, էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումից, հրապարակայնորեն աջակցել են «Հայաքվեի» նախաձեռնությանը։ Բայց այդ կարծիքը չի կիսում Հայաստանի ղեկավարությունը, որը ստորագրահավաքը համարում է ոչ միայն ժամանակավրեպ, այլ նաև վտանգավոր։ Իսկ այն, որ խորհրդարանական ընդդիմությունը նույնպես աջակցել է «Հայաքվե» նախաձեռնությանը, իշխող «ՔՊ» կուսակցության քաղաքական գործիչներին առիթ է տվել այն ավելի շատ դիտարկել ներքաղաքական համատեքստում։ Նրանց կարծիքով նախաձեռնության նպատակը ոչ թե Ղարաբաղի փրկությունն է, այլ երկրում իրավիճակի ապակայունացման միջոցով ընդդիմության իշխանության գալը։ «Քրեական օրենսգրքում նման փոփոխությունների ընդունումից հետո Բաքուն կհամարի, որ Երևանի հետ բանակցություններում քննարկելու բան չկա, և պատերազմ կսկսի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այդ երկրի իշխանությունները պատճառ են փնտրում Հայաստանի հետ խնդիրները լուծելու համար, և այդ լրացումները կլինեն պատճառ: Տարածքային և մարդկային մեծ կորուստները կարող են հրահրել ներքաղաքական ապակայունացում և այդպիսով ընդդիմությունը կփորձի իշխանության գալ»,- DW-ին տված հարցազրույցում ասել է իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ խորհրդարանական մեծամասնությունը կձախողի այդ, իր կարծիքով, «վտանգավոր օրենսդրական ակտը», եթե միջնորդության հեղինակները հավաքեն իրենց առաջարկը խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններ։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, որպեսզի խորհրդարանը քննարկի շարքային քաղաքացիների կողմից ներկայացված օրինագիծը, 60 օրացուցային օրվա ընթացքում 50 հազար ընտրող պետք է իր ստորագրությունը դնի ի պաշտպանություն դրա։ 

«Հայաքվե»-ի նախաձեռնողներն արդեն ստորագրահավաքի կետեր են ստեղծել Երևանում և մարզերում, ստեղծել են ֆեյսբուքյան խումբ՝ ավելի քան 18000 բաժանորդով։ Առաջին երկու շաբաթվա ընթացքում նախաձեռնությունը հավաքվել է խորհրդարանին միջնորդագիր ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների ուղիղ կեսը։ «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը վստահություն է հայտնել, որ օրենքով սահմանված ժամկետի ավարտին անհրաժեշտ թվով ստորագրությունները «անպայման կլինեն»։ Նա կտրականապես համաձայն չէ իշխանությունների այն հայտարարություններին, թե իր և իր համախոհների առաջարկած օրենսդրական փոփոխությունների ընդունումը պատրվակ կդառնա Բաքվի համար։ «Ադրբեջանին պատճառ պետք չէ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար: 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը բազմիցս է սանձազերծել չհրահրված ռազմական գործողություններ Հայաստանի և Արցախի դեմ»,- ընդգծել է Չալաբյանը հավելելով, որ հավատում է հանրային ճնշման պատճառով խորհրդարանի կողմից այդ օրենքի ընդունման հնարավորությանը։
Սակայն ստորագրահավաքի ոչ բոլոր կողմնակիցներն են այդքան լավատես։ Նրանցից է ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, ով 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո միացավ Փաշինյանի թիմին, բայց հետո լքեց այն։ «Տարօրինակ կլինի կարծել, որ ՔՊ-ի այն պատգամավորները, ովքեր իրենց առաջնորդ Փաշինյանի նման Արցախը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս, օրենք կընդունեն, որով իրենց բանտ կուղարկեն»,- DW-ին տված հարցազրույցում ասել է Ջուլֆալակյանը։ Նա միայն հույս ունի, որ այդ խնդրագիրը ստորագրածներից շատերը հետագայում «փողոց դուրս կգան իշխանափոխության համար»։ «Դա միակ ճանապարհն է փակելու ներկայիս այն ուղին, որը տանում է դեպի Արցախն Ադրբեջանին հանձնելուն»,- վստահ է Ջուլֆալակյանը։
Թեև Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին տալու գաղափարը Հայաստանում շարունակում է մնալ ծայրահեղ անընդունելի, սակայն, ըստ սոցիոլոգիական հարցումների ու փորձագետերի «Հայաքվե» նախաձեռնությունը հեռու է զանգվածային շարժման վերածվելուց։ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկնադարյանը նույնպես թերահավատ է «Հայաքվե»-ի հեռանկարների նկատմամբ։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը որոշվում է ոչ թե ստորագրություններով, այլ գործոններով, որոնք հաճախ բուն Հայաստանից դուրս են: Դրանք Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումներն են»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular