Բորելն առաջարկել է ընդլայնել ռազմական պատրաստման ծրագիրն Ուկրաինայի Զինված ուժերի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը կարող է դիտարկել ուկրաինացի զինծառայողների պատրաստման միջոցառումներն աստիճանաբար Ուկրաինա տեղափոխելու հարցը։ Այս մասին տեղեկացրել է DPA գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի առաջարկությունների փաստաթղթին, որը պատրաստվել է հուլիսի 20-ին ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման առիթով։
Բորելը, ինչպես գրել է DPA-ն, արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ առաջարկել է զգալիորեն ընդլայնել ռազմական պատրաստության ծրագիրն Ուկրաինայի Զինված ուժերի համար։ Եթե հանգամանքները թույլ տան, կարելի կլինի դիտարկել ուսումնական միջոցառումներն աստիճանաբար Ուկրաինա տեղափոխելու հարցը։ Բորելը նաեւ խորհուրդ է տվել լրացուցիչ միլիարդներ հատկացնել Կիեւ սպառազինությունների եւ տեխնիկայի մատակարարման համար, նշել է DPA-ն։
Գործակալության տվյալներով՝ 25 հազար ուկրաինացի զինծառայողներ արդեն ավարտել են ուսուցման ծրագիրը կամ այն շարունակում են ԵՄ երկրներում։ Ուկրաինայի Զինված ուժերի պատրաստման ընթացիկ պլանները, ինչպես նշել է գործակալությունը, նախատեսում են 30 հազար ուկրաինացի զինվորականների ուսուցում Եվրամիության տարածքում։ Սակայն այդ նպատակը շուտով կիրականացվի, նշել է DPA-ն։
«Ուսուցման նոր քանակական եւ որակական նպատակները պետք է որոշվեն առաջիկայում»,- նշվել է փաստաթղթում։