ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան խորհրդարանին հղված նամակում մանրամասներ է հայտնել հունիսի 26-ին կայացած ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից, որտեղ նաև քննարկվել է Լաչինի միջանցքի շրջափակումը և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից հայտնում են, որ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը տեղեկացրել է ԵՄ երկրների արտգործնախարարներին, որ Ադրբեջանն ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչը սպառնում է խորացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը։
Ըստ ԱԳ նախարարի՝ ինքը Նիդերլանդների անունից խորը մտահոգություն է հայտնել շրջափակման կապակցությամբ և կոչ արել ԵՄ-ին շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ իրականացնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և ապահովելու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը միջանցքով։
Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ կոչ է արել Ադրբեջանին՝ վերացնելու շրջափակումը: ԵՄ խորհրդի նախագահը հուլիսին նախատեսում է բանակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
ԵՄ անդամ բոլոր երկրները միահամուռ աջակցություն են հայտնել ԵՄ խորհրդի նախագահին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու իր ջանքերում։