ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ է ապահովել լիարժեք ներառականության սկզբունքը. Փոխնախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին կից ստեղծված` «Շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք ստացող երեխաների կրթական իրավունքի իրացման» աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են նաև շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք ստացող երեխաները՝ իրենց ձայնը դարձնելով լսելի։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր ամփոփել հաստատություններում խնամվող երեխաների կրթական իրավունքի ոչ լիարժեք իրացման հետ կապված խնդիրները, որոնք առաջիկայում կայանալիք` երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում կներկայացվեն հանձնաժողովի անդամներին` դիտարկելով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը։

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների և որոշումների կայացման գործում անհրաժեշտ է ապահովել լիարժեք ներառականության սկզբունքը։

Այդ համատեքստում նա ընդգծել է միջգերատեսչական համագործակցության դերը՝ խնդիրների ճիշտ դասակարգման, ըստ առաջնահերթության լուծելու, կանոնակարգելու և նույն տեսլականն ունենալու գործում։

Աշխատանքային խմբի մասնակիցները ևս մեկ անգամ քննարկել են պրակտիկայում ի հայտ եկած դժվարություններն ու խնդիրները․ հասարակությունում ոչ լիարժեք ներառման ու պիտակավորման, տնային ուսուցման մեջ գտնվող երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացման, ֆիզիկական միջավայրի մատչելիության և հարմարեցման, առողջական խնդիրներ ունեցող երեխաների կրթական ծրագրերի հարմարեցման և այլն։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ իրենց առաջարկներն ու խնդիրներն են ներկայացրել նաև աշխատանքային խմբի նիստին մասնակցող երեխաները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular