Ստեփանակերտում և շրջանների ուղղությամբ հանրային տրանսպորտը գործարկվում է նոր գրաֆիկով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 8-ից մայրաքաղաք Ստեփանակերտում մեկանարկել է հանրային տրանսպորտի գործարկման նոր գրաֆիկը. իսկ միջշրջանային տրանսպորտի համար այն կմեկնարկի հուլիսի 10-ից։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը։
«Լիակատար շրջափակման ընթացքում առաջացել է վառելիքի սուր դեֆիցիտ։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, վառելիքի առկա պաշարների ռացիոնալ հաշվառումից և խնայողաբար օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համապատասխան հաշվարկներ իրականացնելուց հետո հանգել ենք այս օպտիմալ տարբերակին. հասարակական տրանսպորտի չվացուցակում կատարվելու են անհրաժեշտ միջանկյալ փոփոխություններ։
Չցանկանալով խուճապային տրամադրություններ տարածել` ասեմ, որ իրավիճակի վատթարացման դեպքում` գրաֆիկի վերանայման անհրաժեշտություն է լինելու, բայց այդ մասին լրացուցիչ կհայտարարվի։ Եթե իրավիճակը բարելավվի, կվերադառնանք նախկին ռեժիմին։ Այս առումով հիմնականում տուժել է քաղաքային տրանսպորտով երթևեկող բնակչությունը։
Ավելի քիչ փոփոխություններ են կատարվել ներշրջանային տրանսպորտի գրաֆիկում։ Հաշվի ենք առել, որ այնտեղ շարժը փոքր֊ինչ խնդրահարույց է»,-մանրամասնել է Վ. Հարությունյանը։