Ադրբեջանում դատեցին հայ զինծառայողներին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍումգայիթի ծանր հանցագործությունների դատարանը երեկ 11,5 տարվա ազատազրկման է դատապարտել պայմանագրային զինծառայող Հարություն Հովակիմյանին ու ժամկետային Կարեն Ղազարյանին։
Ադրբեջանը մայիսին էր առևանգել հայ զինծառայողներին, երբ նրանք սնունդ էին տեղափոխում դիրքեր։ Շիկահողի դիրքերից զինծառայողներին առևանգելուց հետո նրանց տեղափոխել էին Սումգայիթ և արագացված դատաքննության ընթացքում մեղավոր ճանաչել դիվերսիայի փորձի, Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու և այլ ծանր հանցագործությունների համար։
Տակավին ապրիլին Նախիջևանից Սյունիքի մարզ 2 ադրբեջանցիներ էին անցել, նրանցից Ագշին Բաբիրովն ազատազրկվել էր 11 տարով՝ զենքով Հայաստանի տարածքն ապօրինի հատելու հոդվածով, իսկ Հուսեին Ախունդովը ձերբակալվել էր 3 օր անց՝ արդեն հասցնելով սպանել ԶՊՄԿ-ի պահնորդին։ Նրան էլ հայկական դատարանը դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։
Վերլուծաբանների և իրավապաշտպանների կարծիքով, հայ զինծառայողներին պարզապես առևանգել են իրենց զինծառայողների հետ փոխանակելու համար։ Ադրբեջանում այս պահին պաշտոնական տվյալներով 33 ռազմագերի կա, սակայն հայ իրավապաշտպանները հավաստի տեղեկություններ ունեն, որ իրականում նրանց թիվը 80-ով ավելին է, մինչդեռ Ադրբեջանը հին ռազմագերիներին չի ցանկանում վերադարձնել և իր երկու զինծառայողներին հետ ստանալու համար առևանգում է իրականացնում։ Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանը փորձում է ահաբեկել հայ հանրությանը և ցանկացած նման իրավիճակում վախ տարածել, այլապես որևէ բարդություն չէր ներկայացնում Բաբիրովին ու Ախունդովին փոխանակելու համար առաջարկել 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բանտերում հայտնված հայ զինծառայողներին։
Իսկ Հայաստանի գործող վարչախմբի պահվածքի մասին ավելորդ է ասել։ Փաշինյանն ու իր թիմը վաղուց բախտի քմահաճույքին են թողել հայ ռազմագերիներին։