ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը կայցելի Հայաստան. Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւն առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ այցը պետք է դիտարկել հարաբերությունների կարգավորման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների մերձեցմանն ուղղված միջոցառումների համատեքստում։
Հնարավոր են նաեւ եռակողմ հանդիպումներ։
Միաժամանակ, նա ողջունել է վաշինգտոնյան բանակցություններում հայ-ադրբեջանական գործընթացի առաջընթացը։ Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի վերջին ԱՄՆ-ում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Ռուսաստանը կապեր է պահպանում հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի նպատակով։ Այդ շփումները, դիվանագետի խոսքով, շարունակվում են եւ քաղաքական մակարդակով, եւ խաղաղապահ զորախմբի գծով։ «Եվ, իհարկե, շատ բան կախված է հենց կողմերից, նրանց քաղաքական կամքից եւ միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում ենք»,-վստահեցրել է Զախարովան։