Առեւանգված հայ զինվորականներին Ադրբեջանում կարդացել են մեղադրական ակտը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում շարունակվում է դատական ֆարսը մայիսին Հայաստանի տարածքից առեւանգված զինծառայողներ Հարություն Հովակիմյանի եւ Կարեն Ղազարյանի նկատմամբ։
Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը, հուլիսի 5-ին դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ իրականացվող դատական նիստում ընթերցվել են Հարություն Հովակիմյանի եւ Կարեն Ղազարյանի թերթիկների տվյալները, հայտարարվել են նրանց իրավունքներն ու պարտականությունները, նրանց տրամադրվել են փաստաբաններ եւ թարգմանիչներ։ Կարեն Ղազարյանի իրավունքները պաշտպանելու է Յուսիֆ Ալիեւը, իսկ Հարություն Հովակիմյանինը՝ փաստաբան Լեյլա Բադալովան։
«Դատախազ Օրհան Ռուստամովը հրապարակել է մեղադրական ակտը։ Գործով տուժածներ են ճանաչվել Էլթուն Սյարքյառլին, Ռզա Ալլահվերդիեւը, Ասիֆ Բաբաշեւը եւ Իբրահիմ Շիխլարովը։ Ներկայում դատավարությունը շարունակվում է»,- տեղեկացրել է աղբյուրը։ Թե որտեղից են հայտնվել «տուժածները»՝ հայտնի չէ, ընդ որում՝ նրանք հայտնվել են տառացիորեն դատական ֆարսի նախօրեին։
Հայ զինվորականները մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ, ընդհուպ մինչեւ «Ադրբեջանի տարածքում ահաբեկչական գործողության կատարման» մտադրությունը։
Հիշեցնենք, որ հայ զինվորականները մթերքներ էին տանում դիրքեր, երբ առեւանգվել են ՀՀ տարածք թափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից։