«Նա Աջափնյակում մեծ կարողություններ ունի». Գալուստ Սահակյանը՝ ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված որդու մասին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Կարծում եմ՝ նա Աջափնյակում մեծ կարողություններ ունի, եւ առհասարակ՝ քաղաքում ու մեր երկրում»,-ԵԿՄ համագումարի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով որդու՝ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու փաստին: Գալուստ Սահակյանը նշեց՝ դեմ է, որ որդիները քաղաքական գործիչներ դառնան, սակայն ապրիլի երկուսին քվեարկելու է Արման Սահակյանի օգտին:
«Մեր պատգամավորները նորից մեր քաղաքական ճամբարում են եւ ընտրություններից հետո՝ նայած տարածքներում ինչպիսի աշխատանք կկատարեն, կունենան նաեւ իրենց աշխատանքը»,- անդրադառնալով նաեւ ՀՀԿ ցուցակին՝ ասաց ԱԺ նախագահը:
Նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի՝ իշխանությանը դեմ լինելու հայտարարությանն էլ Գալուստ Սահակյանը գնահատականներ չտվեց, ասաց որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի.
«Երբ գնում ես ընդհանուր ընտրությունների, իշխանություն եւ ընդդիմություն չկա արդեն: Ընտրություններից հետո կպարզվի՝ ո՞վ է իշխանություն, ով՝ ընդդիմություն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ