Նախկին քննիչը 40.000 դոլար կաշառք է ստացել և 5000 դոլար հափշտակել․ նախաքննությունն ավարտվել է
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնը, 78.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ մեղադրվող ամուսիններ Ա. Ջ.-ի և Ա. Հ.-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցումն ու քրեական վարույթի կարճումը իրավասու պաշտոնատար անձանց միջոցով ապահովելու համար հիշյալ մեղադրյալներից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակում Ա. Ջ.-ն և Ա. Հ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ընդհանուր ծանոթ Գ. Մ.-ի միջնորդությամբ, 2022 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում քննիչ Վ. Ա.-ին մաս-մաս տվել են ընդհանուր 11.305.982 ՀՀ դրամին համարժեք 27.800 ԱՄՆ դոլար և 1.840.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀԿԳ քննիչ Վ. Ա.-ն իր զբաղեցրած պաշտոնից բխող հեղինակությունն ու կապերն օգտագործելով Ա. Հ.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս վարած ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում Ա. Հ.-ին չկալանավորելու համար, նրա կնոջից՝ Ա. Ջ.-ից, պահանջել է 15.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ա. Ջ.-ն, սակարկելով պահանջված գումարի չափը, Վ. Ա.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նրան 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին: Այնուհետև՝ 2022 թվականի հուլիսի 23-ին, քննիչը ստացել է պայմանավորված կաշառքի գումարը: