ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանի անդամը խստորեն քննադատել է ԵՄ-ին՝ Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետ կապված պասիվության համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քսավիե Բելամին այսօր՝ հունիսի 13-ին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ խստորեն քննադատել է Եվրամիության կառույցների անգործությունը:

«Լաչինի միջանցքը փակ է արդեն 6 ամիս, եւ Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվել են պաշարման մեջ։ Այդ պաշարումը հանգեցրել է գրեթե ամեն ինչի կորստի՝ ընդհուպ մինչեւ խմելու ջրի կորստի, եւ ոչինչ չի կատարվում Եվրամիությունում»,-նշել է նա։  

Բելամիի խոսքով՝ Եվրախորհրդարանում իրենց առջեւ հստակ խնդիր է դրված՝ դատապարտել այդ բոլորովին անընդունելի իրավիճակը։

Սակայն Եվրահանձնաժողովը լռում է։ Եվրախորհրդն, ըստ էության, օրհնում է մեղավոր կողմի եւ զոհի միջեւ բանակցությունները, ընդգծել է նա։

«Թվում է, թե բռնությունն օրենքից վեր է, եւ թվում է, թե տարրական արդարությունը կպարտվի»,-նշել է նա։

Բելամին հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը դատապարտել է Ադրբեջանի շրջափակումը, սակայն այդ պետական ահաբեկչությունը չի հանգեցրել Բաքվի դեմ որեւէ պատժամիջոցների:

«Եվրախորհուրդը եւ Եվրահանձնաժողովը կարծես թե ի վիճակի չեն պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների այս շատ լուրջ խախտումը: Ես Ձեզնից ակնկալում եմ հզոր խոսքեր եւ հզոր գործողություններ՝ համոզվելու համար, որ Ադրբեջանը հետ կկանգնի իր հանցավոր գործողություններից»,-ասել է Բելամին՝ դիմելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular