ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը 120.000 ղարաբաղցի հային ծախեց ադրբեջանական նավթի և գազի դիմաց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com–ը գրում է, որ  Հավաքական Արևմուտքը խաբեց Հայաստանին և ծախեց 120.000 Լեռնային Ղարաբաղի հայերին Ադրբեջանից ստացվող նավթի և գազի դիմաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Արևմուտքի միակ նպատակը Երևանի և Բաքվի միջև բանակցություններում այժմ փաստաթղթի ստորագրումն է Լեռնային Ղարաբաղի հայերի հետագա զոհաբերությամբ և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելով։
Այս համատեքստում փորձագետը հիշեցրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի վերջին հայտարարությունը, թե Վաշինգտոնը ողջունում է Ադրբեջանի ղեկավարության Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների «համաներման» պատրաստակամությունը։ Խաչիկյանի խոսքով այդ հայտարարությունը միայն մեկ բան է նշանակում.՝ Արևմուտքը 120 հազար հային ծախել է ադրբեջանական նավթի ու գազի դիմաց։

Քաղաքագետը վտանգավոր է համարում այն ​​պարադիգմը, ըստ որի ներկայումս Ադրբեջանի հետ է գործընթաց ընթանում: Իսկ սպառնալիքն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի իշխանությունների պարտվողական դիրքորոշմամբ, նրանց պատրաստակամությամբ երևակայական խաղաղության դիմաց հանձնել Արցախը և անկլավները: «Ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ էլ անկլավների հանձնումը չեն փոխում Ադրբեջանի դիրքորոշումը բանակցություններում։ Բաքվից ոչ մի փոխզիջում չի լինի: Հենց Ադրբեջանը ԼՂ-ն ստանա՝ Սյունիքն է ուզելու»,– ասել է նա:

Փորձագետը վստահ չէ, որ Քիշնևում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած «կադաստրային վկայականը» Ադրբեջանին զերծ կպահի Սյունիքի մարզի դեմ հավանական ագրեսիայից։ «Ես կհորդորեի ներկայիս ղեկավարությանը ուշադիր պատրաստվել յուրաքանչյուր հրապարակային ելույթից առաջ, ինչպես նաև խուսափել այնպիսի ցավալի փոխաբերությունից, ինչպիսին է «կադաստրային վկայական» արտահայտությունը։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության կողմից ճանաչվել է դեռ 1991թվականին, իսկ ընդհանրապես, եթե «կադաստրային վկայական» չունենք, ապա 2018 թվականին ո՞ր երկրի վարչապետ է ընտրվել Փաշինյանը»,- կարծիք է հայտնել Խաչիկյանը։

Քաղաքագետի տեսանկյունից վարչապետի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է վերացնել և չեզոքացնել ապագայում հնարավոր էսկալացիայի բոլոր պատճառներն ու առիթները, որևէ քննադատության չեն դիմանում: «Փաշինյանը պետք է հասկանա, որ Ադրբեջանի ագրեսիայի պատճառն արդեն իսկ կա: Բաքուն Հայաստանից միջանցք է պահանջում, նրանք պահանջում են ադրբեջանցիների վերադարձը «պատմական հողեր», այդ պնդումները խնամքով սնվում են Թուրքիայի կողմից»,– ասել է նա:

Ըստ Խաչիկյանի խաղաղության պայմանագրի ստորագրումը կայունության և երկարաժամկետ խաղաղության երաշխիք չի տալիս, և  դրա վառ օրինակն էն Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև կնքված Մինսկի համաձայնագիրը։

Դրա ստորագրումից տարիներ անց Ֆրանսիայի և Գերմանիայի նախկին ղեկավարներն ի վերջո խոստովանեցին, որ փաստաթղթերը նախատեսված էին միայն Ուկրաինային ժամանակ տալու համար:
Փորձագետը վստահ է, որ իր համար ամենահարմար պահին Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ կսկսի, և, մասնավորապես, ուկրաինական ուղու վրա առճակատման հետագա սրումը մեծացնում է Բաքվի կողմից ագրեսիայի սպառնալիքը, և տխրահռչակ միջազգային հանրությունը դա պարզապես չի նկատի։
Խաչիկյանը հակված չէ կարծելու, որ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցություններից, բայց պետք է փոխվեն Երևանի բանակցողները։ Ներկայիս ղեկավարությունը ձախողվել է արտաքին քաղաքականության մեջ, նրա ապաշնորհ գործողությունները պատճառ են դարձել պատերազմի և պարտության 2020 թվականին և այժմ սպառնում են նոր աղետներով։

Հինգ տարի առաջ սկսված ռուսական անվտանգության «հովանոցի» մերժումը և այդ «հովանոցի» որոնումը Արևմուտքում, երբ արևմտյան քաղաքական գործիչները Ադրբեջանի ղեկավարությանը վստահելի գործընկեր են անվանում, լավագույնս են բնութագրում ներկայիս երևանյան թիմի ձախողումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular