ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ու Փաշինյանը Պուտինին շրջապատում են բանավոր հայտարարություններով. շուտով «խաղի» մեջ կմտնի Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը Մոսկվայում, որի հետ էին շատ փորձագետներ կապում  Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման որոշակի և նույնիսկ բեկումնային պայմանավորվածությունների ձեռքբերումը, ավարտվեց ոչնչով, որևէ կոնկրետություն չկա: Եվ հանդիպումն էլ, հակառակ սպասվածի, տևեց ընդամենը մոտ 20 րոպե։ Ուստի, ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ կողմերն իրենց էմոցիաները պարպել էին նախկինում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի, որտեղ Ալիևը ներկա էր որպես հյուր, Ալիև-Փաշինյան բուռն քննարկման ժամանակ։

Պատճառը Ալիևի ելույթի ժամանակ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագծի հիշատակումն էր, որը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով պետք է միացնի Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Հանրապետության հետ։ Դա արդեն տագնապեցնող է, քանի որ ցույց է տալիս սուր բանավոր հայտարարություններ փոխանակելու կողմերի քաղաքական տրամադրությունները, այլ ոչ թե կոնկրետ փոխադարձ պարտավորեցնող փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամությունը։

Նման ակնկալիքները սնուցվում էին նրանով, որ նախօրեին ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվական արտահոսք էր կազմակերպվել, ըստ որի Մոսկվայում ստորագրման են պատրաստել երկու փաստաթուղթ, որոնցից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է (նշվում էր, որ այն պատրաստվել է երեք երկրների փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևը, Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը), իսկ մյուսը երեք երկրների ղեկավարների հինգերորդ համատեղ հայտարարությունն է, որի համար պատասխանատու էին երեք երկրների արտաքին գործերի նախարարությունները։ Հնարավոր է, որ այդ փաստաթղթերի որոշ դրույթներ քննարկվել են Ալիևի և Փաշինյանի հետ Պուտինի առանձին հանդիպումների ժամանակ։ Բայց ի վերջո բանակցությունների արդյունքների վերաբերյալ անգամ համատեղ հայտարարություն չհայտնվեց։

Այս ամենի ինտրիգը այլ տեղ է: Ալիևն ու Փաշինյանը համատեղ «խաղ» են խաղում նաև արևմտյան այլ բանակցային հարթակներում։ Միաժամանակ նրանք նշում են, որ հենց այդ հարթակներում են ձեռք բերվել որոշակի դրական պայմանավորվածություններ, և որ Եվրամիությանը և Մոսկվային փոխարինած ԱՄՆ միջնորդական ջանքերը մոտ են հաջողության, այսինքն կողմերը խաղաղության պայմանագիր կստորագրեն։ Բայց դա հնչում է միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության բանավոր պաշտոնական հայտարարությունների մակարդակով, այդ թվում այնպիսի կարևոր պայման, ինչպիսին է կողմերի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, բայց այդ ամենը առանց թղթի վրա դիրքորոշում ամրագրելու:

Երևում է Մոսկվայում ևս Բաքուն և Երևանը շարունակել են գործել այդ սցենարով, իսկ Պուտինը ստիպված էր բացելով եռակողմ հանդիպումը հիշեցնել, որ Ռուսաստանի մասնակցությամբ ձևաչափով է դադարեցվել պատերազմը: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, այնուհետև սկսվել են տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանի սահմանազատման աշխատանքները։ Տրամաբանորեն այդ ուղղությամբ զարգացնելով հետագա աշխատանքները հնարավոր կլիներ զուտ տեխնիկական բնույթի որոշ հարցերին լուծում տալ։ Բայց դա այդպես չէ, չնայած Մոսկվայում կողմերը պայմանավորվել են փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել, որի ժամանակ կշարունակվեն քննարկվել «դեռևս չլուծված» հարցերը։

Բաքուն և Երևանը դիվանագիտական ​​զգալի մարաթոն անելով Մոսկվայի և արևմտյան «բեմերում», ամենայն հավանականությամբ,  կշարունակեն դիմել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։ Հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ տեղի է ունեցել Ալիև-Փաշինյան հերթական հանդիպումը։ Ավելի վաղ՝ մոսկովյան գագաթնաժողովից առաջ, Փաշինյանը և Ալիևը բանակցություններ էին վարել Բրյուսելում։ Չնայած Ադրբեջանը հասկացնում է, որ իր համար կարևոր չէ, թե որ հարթակում է բանակցելու և ստորագրելու համաձայնագիրը՝ մոսկովյան, թե բրյուսելյան, ներկա իրավիճակն այնքան էլ պարզ չէ, քանի որ հենց արևմտյան հարթակում է քննարկվում ենթադրյալ խաղաղության պայմանագրի տեքստը, իսկ այն, ինչը Մոսկվայի միջնորդությամբ կնքվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ծառայում է միայն որպես հակամարտության ռազմական փուլի միջանկյալ ավարտի խաղաղության պայմանագիր։

Միևնույն ժամանակ, Երևանը հույսեր է կապում այն ​​փաստի հետ, որ Արևմուտքի օգնությամբ կկարողանա հասնել Բաքվի համաձայնությանը Ադրբեջանի իշխանությունների և  ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայերի միջև «երկխոսության միջազգային մեխանիզմի» ձևավորման հարցում։  Ինչպես տեսնում ենք, իրավիճակի մեջ նոր նրբերանգներ են ներմուծվում, բայց միայն բանավոր հայտարարությունների մակարդակով, և որոնք տորպեդահարում են խաղաղության պայմանագրի գաղափարն իր նախկին տարբերակով։

Ամենայն հավանականությամբ հետագա իրադարձությունները կարող են զարգանալ բոլորովին այլ ուղղությամբ։ Չի կարելի բացառել, որ որոշակի պայմաններում և հանգամանքներում բանակցային բոլոր հարթակներում ձախողման դեպքում սկսվի ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման գործընթացը։ Նրա մանդատը դեռևս ոչ ոք չի մերժվել:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում դեռևս կան այնպիսի հարցեր, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, հանրաքվեի անցկացումը, անվտանգության հարցերը, Լեռնային Ղարաբաղի ցամաքային միջանցքը Հայաստանի հետ։ Այդ ձևաչափով կարող է նախապատրաստվել նաև խաղաղության պայմանագրի նոր տեքստը, և բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը կմիջազգայնացվի։ Իսկ առայժմ դեռ ոչ ոքի չի հաջողվել առանց արտաքին լրացուցիչ դրամատիզմի վերսկսել այդ փակուղային բանակցային գործընթացը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular