ԱԴԾ-ն առգրավել է մոտ 500 կիլոգրամ լատինաամերիկյան կոկաին, որն ուղարկվում էր Լեհաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կասեցրել է մոտ 500 կիլոգրամ լատինաամերիկյան կոկաին ՌԴ ներմուծելու փորձը, այն ուղարկվելու էր Լեհաստան։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին տեղեկացրել են ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնում։
«Անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է Ռուսաստան լատինաամերիկյան կոկաինի մուտքի նոր փորձը։ Կոկաինի հերթական խմբաքանակը, որն ուղարկվելու էր Լեհաստանի Հանրապետություն, առգրավվել է ռուս-բելառուսական սահմանին, Սմոլենսկի մարզում»,- նշել են Հանրային կապերի կենտրոնում։
ԱԴԾ-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայի Հանրապետության պետական համարանիշներով մեծ բեռնատար մեքենայի զննման ընթացքում ԱԴԾ աշխատակիցները հայտնաբերել են գաղտնարան, որտեղ թաքցված էին թմրանյութի 116 փաթեթներ։ Պարզվել է նաեւ, որ այս երթուղով անցնելու է եւս մեկ մեքենա կոկաինի խմբաքանակով։ «Երկրորդ փոխադրամիջոցը կանգնեցնելուց հետո ճիշտ նույնպիսի գաղտնարանում հայտնաբերվել է թմրանյութի 373 փաթեթ։ Երկու բեռնատարներում առգրավված կոկաինի ընդհանուր քաշը 492 կիլոգրամ է»,- տեղեկացրել են ԱԴԾ-ում։
Հատուկ ծառայությունում նշել են, որ կալանավորվել է օտարերկրյա քաղաքացի, որը թմրանյութերի մաքսանենգության կազմակերպիչն է։ Նրա համար որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։