ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոնգոյի զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շաբաթ օրը Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արեւելքում գտնվող բոլոր զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքը՝ հայտարարելով, որ նրանց ներկայությունը «հումանիտար ողբերգություններ» է առաջացնում եւ սպառնում տարածաշրջանային անվտանգությանը, փոխանցում է Reuters-ը:
Գուտերեշը ելույթ է ունեցել Բուրունդիի առեւտրային մայրաքաղաք Բուջումբուրայում տարածաշրջանային առաջնորդների հանդիպմանը, որը հրավիրվել է քննարկելու Կոնգոյի անվտանգության իրավիճակը, որտեղ զինված խմբերը մեղադրվում են բռնության եւ քաղաքացիական բնակչության զանգվածային տեղահանման մեջ:
«Այդ զինված խմբավորումների ներկայությունը հանգեցնում է հումանիտար ողբերգությունների եւ մարդու իրավունքների լուրջ խախտումների, այդ թվում՝ սեռական բռնության»,-ասել է Գուտերեշը ՝ հավելելով, որ Կոնգոյի արեւելքում գործում է ավելի քան 100 զինված խմբավորում, եւ որ նրանց ներկայությունը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։
«Եկել է բռնությանը վերջ տալու ժամանակը։ Ես կրկնում եմ իմ կոչը բոլոր զինված խմբերին՝ անմիջապես վայր դնել զենքը եւ միանալ դեմոբիլիզացիայի, զինաթափման եւ վերաինտեգրման գործընթացին»,-ասել է նա։