Կաշառքի գործով մեղադրվող ՊՆ պաշտոնյան պնդում է, թե գումարը կնոջ բուժման համար է վերցրել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՊաշտպանության նախարարության ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը պնդում է, որ 5 միլիոն դրամը, որը ստացել է նախարարության հետ աշխատող ընկերության տնօրենից, ոչ թե կաշառք է եղել, այլ պարտքով գումար: Այս մասին NEWS.am-ին ասաց Արսեն Ղարիբջանյանի պաշտպան Էդգար Բադեմյանը:
«Ընկերության տնօրենը՝ Սուրեն Ավագյանը Արսեն Ղարիբջանյանի ծանոթն է եղել, անձնական հարաբերություններ են եղել նրանց միջեւ: Արսենը Սուրենից նախկինում իր կնոջ բուժման համար 2 հազար դոլար գումար է վերցրել պարտքով, հետո վերադարձրել է, ինչը հաստատել է նաեւ Սուրենը: Քանի որ կնոջ բուժումը կիսատ է մնացել, պետք է Գերմանիա տանի, այս անգամ էլ դիմել է Սուրենին, որը 5 միլիոն դրամ է տվել: Ու միայն Սուրենից չի վերցրել, բարեկամներից, ընկերներից էլ է վերցրել»,- ասաց պաշտպանը:
Էդգար Բադեմյանը նշեց, որ իրենք դատարանում նույնպես ներկայացրել է այդ փաստարկները, սակայն դատարանը կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Ըստ ՔԿ տվյալների՝ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը 2015թ. դեկտեմբերին ծառայության բերումով տեղեկացել է, որ ՍՊ ընկերությունը 06.11.2015թ ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքած ծառայությունների գնման պայմանագրի կատարման արդյունքում ստացել է գերշահույթ, ինչի կապակցությամբ վերադասի հանձնարարությամբ որոշակի ստուգողական գործողություններ է իրականացրել։
Ընկերության գերշահույթ ստանալու վերաբերյալ ստուգման արդյունքներն իր լիազորությունների շրջանակում վերադասին բարենպաստ կերպով զեկուցելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ստուգման վերաբերյալ նյութերն իրավապահներին չուղարկելուն նպաստելու դիմաց, նա գլխավոր մասնագետ Ա. Ղարիբջանյանի միջոցով ՍՊ ընկերության տնօրենից 2016թ. մարտի սկզբին պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ գումար կաշառք:
Ղարիբջանյանը մարտի սկզբին հանդիպել է Ս. Ավագյանին եւ հայտնել գնդապետի՝ 5 մլն ՀՀ դրամ գումար կաշառք ստանալու պահանջը, իսկ մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում անձամբ հանդիպել է նրան եւ ստացել պահանջված գումարը: