Իրանի պաշտպանության նախարարը Տաջիկստանին հրավիրել է համատեղ վարժանքների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հրավիրել է Տաջիկստանին մասնակցել անվտանգության հարցով կոմբինացված վարժանքներին, տեղեկացնում է Mehr-ը։
Իր տաջիկ գործընկեր Շերալի Միրզոյի հետ հանդիպմանը Իրանի նախագահը հայտարարել է, որ Տաջիկստանի հետ պաշտպանության և ռազմական համագործակցության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության համար առաջնահերթությունը երկրի պաշտպանունակության բարձրացումն է, հատկապես ահաբեկչության դեմ պայքարը։
Նշելով, որ Կենտրոնական Ասիան և հատկապես Տաջիկստանը առանձնահատուկ տեղ են գրավում Իրանի արտաքին քաղաքականության մեջ, Աշտիանին ասել է, որ նախագահ Ռաիսիի առաջին այցը Տաջիկստան մատնացույց է անում Իրանի քաղաքականության մեջ այդ երկրի կարևորությունը։
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը դարձել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների միջև փոխգործակցության, իսկ երբեմն էլ դիմակայության ու աշխարհաքաղաքական մրցակցության վայր, ասել է իրանցի նախարարը, ավելացնելով, որ նման իրավիճակում արտատարածաշրջանային երկրները իրենց սեփական շահերն են փնտրում, և, համապատասխանաբար, երկու երկրները (Իրանն ու Տաջիկստանը) պետք է ամրապնդեն իրենց համագործակցությունը տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանելու համար։
Իրանը միշտ խաղաղության, կայունության, անվտանգության և Տաջիկստանի տարածքային ամբողջականության կողմնակից է եղել և շարունակելու է այդ քաղաքականությունն ուժով, նշել է նա։
Վկայաբերելով երկու երկրների մշակույթը,պատմական և քաղաքակրթական արմատները՝ Շերալի Միրզոն, իր հերթին, նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները համարում է խորը և եղբայրական։
Նա ևս ընդգծել է Իրանի և Տաջիկստանի միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։