ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը սեփական «տղան» ունի Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի այցը Հայաստան, նրա հայտարարությունները, անգամ Ջերմուկ և Եռաբլուր այցելությունն ուշագրավ եզրակացությունների առիթ են տալիս։ Նախ, ֆրանսիացի նախարարն իր այցով փորձեց հայ հանրությանը համոզել, թե իրենք ավելի հայամետ են, ավելի շահագրգիռ մեր երկրի անվտանգության ապահովման հարցում, իսկ «վատ» ռուսները նույնիսկ Եռաբլուր չեն այցելում՝ հարգելու պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։

Ֆրանսիան շոշափելի ջանքեր է գործադրում Հայաստանում և տարածաշրջանում իր ազդեցությունն ավելացնելու ուղղությամբ, այդ քայլերում բնականաբար տուրք տալով պոպուլիզմին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդհուպ հայտարարել է, թե Երևանն առաջարկում է ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։

Նրա խոսքով՝ դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար։ Առանց այն էլ՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը խնդիրներ է հարուցել ՌԴ և ՀԱՊԿ-ի հետ, իսկ նրանց թվի շեշտակի ավելացումը, ինչպես առաջարկում է Գրիգորյանը, նոր խնդիրներ է բերելու։ Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարին Ջերմուկ ու Եռաբլուր ուղեկցում էր ոչ թե ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, այլ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ինչը, նշենք, պաշտոնական արարողակարգի կոպիտ խախտում է։

Թերևս, Արևմուտքն այսկերպ հասկացնում է, որ հենց Արմեն Գրիգորյանն է իրենց սրտի պաշտոնյան Հայաստանում, այլ ոչ Արարատ Միրզոյանը։ Վերջինիս հետ միայն առանձնազրույց և արարողակարգային ասուլիս է եղել, մնացած դեպքերում Կատրին Կոլոնան հատուկ ընդգծել է ԱԽ քարտուղարի նկատմամբ իրենց ջերմ վերաբերմունքը։ վաղուց հայտնի է, որ խանդի լուրջ տեսարաններ կան Արմեն Գրիգորյանի և Արարատ միրզոյանի միջև, նրանք մրցում են իրար հետ, թե ով ավելի արևմտամետ կեցվածք կդրսևորի։

Ըստ ամենայնի, Գրիգորյանը այդ պայքարում հաղթող է դարձել, քանի որ ավելի հակառուսական դիրքերից է հանդես գալիս, իսկ վերջին շրջանում ընդհանրապես մեղքի բոլոր սլաքներն ուղղում է դեպի Մոսկվա։ Ի դեպ, այս առումով, ՀՀ իշխանությունները սկսել են նմանվել Միխեիլ Սաակաշվիլիին, որի հակառուսականությունն աղետներ բերեց Վրաստանին։ Արևմտամետ լինելը ոչ միշտ է ենթադրում հակառուս լինել, այդ փաստը, օրինակ, գիտակցել են Վրաստանի գործող իշխանությունները, որոնք պահպանում են թե լավ կապերը Արևմուտքի հետ, թե՛ իրենց երկիրը հեռու պահում ցնցումներից։ Իսկ Փաշինյանն ու իր թիմը միտումնավոր սրում են տրամադրությունները, որպեսզի կարողանան ավելի բարձր լացել Արևմուտքի մոտ՝ նրանից աջակցություն կորզելով։ 

Սուրեն Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular