Մանե Թանդիլյանը նշում է՝ Երևանի ավագանու ընտրությունները պետք է դառնան շրջադարձային կետ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանի ավագանու ընտրությունները պետք է դառնան այն շրջադարձային կետը, որից հետո Հայաստանի նոր իշխանությունները նսեմացած չեն բարձրաձայնի, որ «Ադրբեջանն ուզում է ամեն ինչ»: «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է այդ մասին ասել լրատվական ռադիոյին տված հարցազրույցում։
Նրա գնահատմամբ, ավելի պատճառաբանված է ավագանու ընտրություններին մասնակցելը, քանի որ Երևանը նաև մեր երկրի քաղաքական տոն տվողն է։ «Ապրելու երկիրը» ստեծղումից կարճ ժամանակ անց «Քաղպայմանագրին» իշխանազրկել է տարբեր համայնքներում, կուսակցությունն էլ ընտրությունների միջոցով իշխանափոխության կողմնակից է, ուստի տարօրինակ կլիներ, եթե չմասնակցեին ընտրություններին։ Մանե Թանդիլյանի խոսքով, թեպետ Երևանն ընտրողների 40 տոկոսն է, քաղաքական եղանակ փոխող է։ «Երևանցին իր վրա վերցնելու է իշխանափոխության պատասխանատվությունը»,- նշել է Մանե Թանդիլյանը։
Նա նշել է, թե գիտեն՝ ինչ վարչական լծակներ, ռեսուրսներ են չարաշահելու իշխանությունները, բայց բավարար փորձ ունեն արդյունավետ պայքար մղելու։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը փաստել է՝ օրվա իշխանությունն արդեն վերջնականապես մոռացել է Արցախի մասին և կամաց-կամաց բացում է բուն Հայաստանին վերաբերող հարցերի «Օվերտոնի պատուհանը»:
«Հիմա մենք պիտի լինենք Արցախի կողքին, մենակ չթողնենք։ Աջակցելով պաշարման մեջ գտնվող արցախցուն, մենք փորձում ենք փրկել այն հատիկը, որ մեզ մնացել է»,- նշել է Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով, տարբեր ձևաչափերում Հայաստանը դիվանագիտական ֆիասկոներ է ապրում, իրավիճակը, որ ստեղծվել է Արցախի և հայաստանի շուրջ, սկսում է անլրջանալ իշխանությունների պատճառով։ Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացնելու փաստին՝ Մանե Թանդիլյանը նկատել է, որ մենք այլևս չենք լսում Արցախի ձայնը, մինչդեռ երբ Ռուբեն Վարդանյանը պետնախարար էր, օր չկար, որ չլսեինք, թե ինչ է կատարվում, չներկայացներ խնդիրները, դրանց լուծման ուղիները։ «Փոխեցին, ապրտադրեցին, պաշտոնազրկեցին, հիմա ո՞վ է խոսում Արցախի մասին, այն ժամանակ աշխատանք կար, ձայն կար, հիմա չկա։ Ի՞նչ վտանգ էին տեսնում Հայաստանի իշխանություններն ու Ալիևը, որ օր առաջ ձգտեցին հանել Ռուբեն Վարդանյանին»,- ասել է Մանե Թանդիլյանը։
Նոնա Մուսայելյան