ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հոխորտում է Արցախի քաղաքական ուժերի հասցեին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախից հնչող քննադատության խոսքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին և նա այլևս անցել է ակնհայտ հոխորտանքների։ Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանին հիշեցրել են Արցախի ԱԺ 5 խմբակցությունների հայտարարությունը, որտեղ նրանք անընդունելի են համարում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունները, թե Հայաստանն ամբողջությամբ ճանաչում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ՀՀ պաշտոնական շրջանակներում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են ինքնորոշման իրավունքից։

Արդյո՞ք իրեն սխալ են հասկացել հարցին Փաշինյանը նյարդային պատասխան է տվել. «Սովորաբար սխալ են հասկանում և չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել, բայց իմ կարծիքով մեծ հաշվով սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են»։

Ավելին, հստակության մասին խոսող վարչապետը կրկին սկսել է խուսանավել։ Հարցին, թե արդյոք համաձայնել է, որ տարածքային ամբողջականությունը ենթադրում է, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում, վարչապետը կրկին հիշեցրել է Մադրիդյան սկզբունքները, ներկայացրել իր կեղծ և վտանգավոր ինտերպրետացիան, թե հենց այդ սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես ադրբեջանի մաս, դա է պրոբլեմը, պնդել է Նիկոլ Փաշինյանը։

Այն, որ Արցախից կոնկրետ քննադատելու են Փաշինյանին իր դավաճանական կեցվածքի համար, որևէ մեկը չէր կասկածում, ուստի և Նիկոլ Փաշինյանն այսօր պայքար է մղում մի քանի ճակատներով։ Ի դեպ այդ ճակատներում չկան Ադրբեջանն ու Թուրքիան, որոնց բոլոր պահանջներն ու պայմանները նա կատարում է անվերապահորեն։ Սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տառապող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թշնամի են համարում ոչ միայն նախկին իշխանություններին՝ ընդդիմությանը, այլ նաև Արցախի քաղաքական դաշտին։

Եթե հայաստանյան ընդդիմության և մի շարք ընդդիմանդիրների դեմ իշխանությունը որոշակի կոմպրոմատներ կարող է ունենալ, կամ էլ ուժային մեթոդներով կարող է ճնշել, ապա Արցախի դեպքում հնարավորությունները շատ ավելի սուղ են։

Արցախցիներն էլ գիտակցում են, որ Փաշինյանի պահանջներին տուրք տալու դեպքում լրջագույն խնդիրների են բախվելու, ուստի և չի բացառվում, որ առաջիկայում Արցախի քաղաքական ուժերի դեմ փաշինյանական վարչախումբը նոր քարոզչական կամ քաղաքական արշավ սկսի։ 

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular