ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարո՛ն Մարուքյան, Հաջիևի ասածներից միայն այդ մեկի հե՞տ համամիտ չէիք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մասնավորապես ասել է.  «Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները և Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայ քաղաքացիների հետ շփումները բոլորովին առանձին հարցեր են։ … 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Ադրբեջանը և Հայաստանը հայտարարել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա:


Ալմաթիի հռչակագրով նորանկախ պետությունները ճանաչել են վարչական սահմանները ԽՍՀՄ ժամանակների նախկին խորհրդային հանրապետությունների շրջանակներում։ Այսպիսով, Պրահայի և Սոչիի փաստաթղթերով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։


Հաջիևի այս հայտարարությանը չի անդրադարձել ՀՀ ԱԳ նախարարությունը նույնիսկ խոսնակի մակարդակով: Հաջիևին մասամաբ պատասխանել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, այն էլ թվիթերյան իր էջում:

Բանն այն է, որ հատուկ հանձնարարություններով դեսպանը չի անդրադարձել Հաջիևի այն պնդմանը, որ Սոչիում և Պրահայում Փաշինյանն Արցախը թողել է Ադրբեջանին:  Նա թռուցիկ կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերի հարցը միայն Ադրբեջանի ներքին հարցը լինել չի կարող: Հաջիևը մի քանի նախադասության մեջ առնվազն 4-5 իրավարար փաստաթղթի է հղում արել, իսկ Մարուքյանը հիշել է,  որ երկրորդ աշխարհամարտից հետո ինչ-որ անհասկանալի պրակտիկա է ձևավորվել:

Մասնավորապես գրել է. «Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն գործի: Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Եվս մեկ անգամ պետք է հիշեցնեմ՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»:

Այդ ինչպես, պարո՛ն Մարուքյան, եթե դա գործում էր, ապա 44-օրյա պատերազմում ու դրանից հետո  զոհված քաղաքացիական անձանց դեպքում ինչո՞ւ չկիրառվեց, ինչո՞ւ այդ մասին չէիք խոսում, և երբ ուղիղ եթերով քաղաքացու վիզը կտրում էին, ինչո՞ւ եք լռում երբ շուրջ 3 տարի է, ինչ արցախցիները բնակության վայր չունեն՝ Հադրութի, Շուշիի, Աղավնոյի, Սուսի և մյուս բնակավայրերի բնակիչների հարցը Ադրբեջանի ներքին հարցն է, թե՞… Պարո՛ն Մարուքյան, որն է վկայակոչած երկրորդ աշխարամարտից հետո գործող փաստաթղթի իրավական հիմքը և եթե այդպիսին կա, ինչո՞ւ եք դրա մասին հիշել հիմա:

Պարո՛ն Մարուքյան, Հաջիևի ասածներից միայն այդ մեկի հե՞տ համամիտ չէիք, դրա՞ համար մյուսներին չանդրադարձաք:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular