Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածուն Քեմալ Քըլըչդարօղլուն է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԺողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարվել է ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի միակ թեկնածուն Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրություններում, նա կմրցակցի «Հանրապետական դաշինք»-ի թեկնածու, երկրի գործող նախագահ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Քըլըչդարօղլուի՝ որպես ընդդիմադիր թեկնածուի անունը հայտարարել է «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն։ Հենց կուսակցության գլխավոր շտաբում է տեղի ունեցել «վեցի սեղանի» (ինչպես Թուրքիայում փորձագետներն ու լրագրողներն են անվանում ընդդիմադիր դաշինքի հանդիպումները) հանդիպումը, որից հետո սպասվում էր ընդդիմադիր դաշինքի թեկնածուի անվան հրապարակումը։
Հատկանշական է, որ Քըլըչդարօղլուի անվան հրապարակմանը նախորդել է դաշինքի ներսում հակամարտությունը։ Այսպես, «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեներն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքն այլեւս չի արտահայտում ժողովրդի իրական շահերը։ Հակամարտությունը ծագել է այն պատճառով, որ հինգ կուսակցություններ առաջարկել են Քըլըչդարօղլուի թեկնածությունը, իսկ «Լավ կուսակցությունը» մտադիր էր քննարկել Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետների թեկնածությունները։