ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում անել այնպես, ինչպես արել են միչև այժմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական կողմը կրկին երեք անգամ խախտել է հրադադարի ռեժիմը:

Բարեբախտաբար, այս անգամ զոհեր և վիրավորներ չկան: Այստեղ հատկանշական  է, այն, որ հրադադարի ռեժիմի խախտումը տեղի է ունեցել  Արցախի և Ադրբեջանի ներկայցուցիչների հանդիպումից հետո: Այս անգամ հաղորդագրություն է տարածել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։


«Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է իրականացնում։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։»,-ասվում է հաղորդագրության մեջ։


Իր հաղորդագրությամբ ՌԴ-ն վերահաստատում է իր ներկայությունն Արցախում՝ հավելելով, որ հնարավոր է Լաչինի միջանցքի բացման համար բանակցությունները շարունակվում են: ՌԴ ՊՆ հայտարարությունից հետո, Արցախի ԱԳՆ-ն ևս հայտարարություն տարածեց՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմի սադրանքները և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը: 


«Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։
Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին, Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։


Մի կողմից Ադրբեջանին մեղադրում են ոչ կառուցողական գործողությունների մեջ, մյուս կողմից էլ շեշտադրում են, որ ՌԴ-ի դերն այնքան էլ բարձր չէ: Այսինքն՝ բանակցում են իրենք և Ադրբեջանի ներկայցուցիչները, իսկ ՌԴ-ն միայն միջնորդ է և ոչ թե կողմ: 
Առավել անհասկանալի է ԱԳՆ հայտարարության մյուս հատվածը. «Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն»: 


Այսինքն՝ Արցախի ԱԳՆ-ն կարծում է, որ միջազգային հանրությունը երբևէ Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցնե՞ր է իրականացրել: Եթե իհարկե կոչերի մասին չէ խոսքը, ապա ի՞նչ գործուն քայլ է նկատել Արցախի ԱԳՆ-ն: Հիմա մյուս ատյանների մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ եթե միջազգային հանրությունը, կազմակերպությունները գործուն քայլերով պաշտպանում են Ադրբեջանի շահերը, ապա ինչի՞ց են դժգոհ Արցախի և ՀՀ-ի ԱԳՆ նախարարները: Ստացվում է, որ Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում անել այնպես, ինչպես արել են միչև այժմ: Հույս հայտնենք, որ միջազգային հանրությունը էլի կոչեր կանի Ադրբեջանին կամ երկու կողմերին:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular