Քավության նոխազի փնտրտուքով. Փաշինյանի հանցավոր անփութությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ հասարակությունն ուշքի չի գալիս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգությունից։
Երեկ գիշեր ժամը 1։30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Վերջին տվյալների համաձայն զոհվել են 15 ժամկետային զինծառայողներ, ևս 7 զինծառայողներ այրվածքներ են ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։
Այն, ինչ անվանում են վաշտի կացարան, իրականում 4 պատ է, որը ոչնչով չի տարբերվում հայկական սովորական գոմից։ Զինվորներին տեղավորել են մի կացարանում, որը տարրական պայմանններ չի ունեցել, զուրկ է եղել անվտանգության հարմարություններից և ի վերջո տեղի է ունեցել ողբերգությունը։
Դեպքից հետո Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը շտապեց մեղքը բարդել հենց զինծառայողների վրա, նույնիսկ ձեռքերը շարժելով ցույց էր տալիս՝ իբր պարզել են, որ վաշտի հրամանատարը ավտոբենզին է լցրել փայտի վառարանի մեջ, կրակը անցել է նրա ձեռքերին և նետել է բենզինի տարան, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել հրդեհը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով էլ ազատվել են երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը, նրա տեղակալները և այլ զինծառայողներ։
Այն, որ իշխանությունը դեպքից հաշված ժամեր անց անմիջապես մեղավորներ է նշանակում, խոսում է միայն մեկ փաստի մասին։ Իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ այս ամենը տեղի է ունեցել բացառապես իր մեղքով, իր անպատասխանատվության և հանցավոր անփութության հետևանքով և բնականաբար Նիկոլ Փաշինյանը ձեռք չէր տալու ոչ իր կուսակցության առանցքային դեմքերին, ոչ էլ այլ պատասխանատուների, փոխարենը իր սովորույթի համաձայն ողջ մեղքը փորձելու էր բարդել զոհերի և զինվորականների վրա։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ի դեպ, այդպես էլ դեպքի վայր չի այցելել, սեփական աչքով չի տեսել իր հանցավոր արարքների հետևանքները, իսկ հայ հասարակությունը մեկ-երկու օր ֆեյսբուքում բողոքելուց հետո, կրկին կանցնի իր առօրյա կյանքին մինչև հաջորդ ողբերգությունը։
Նման պայմաններում այդ օրը բնավ էլ հեռու չէ։
Աննա Նադոյան