ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳ նախարարի աթոռի համար պայքարը սրվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Ներքին գործերի նախարարությունը ստեղծված է, հիմա դե-յուրե դրա ձևավորման փուլում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնել է, թե ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։

Դեռ 4 ամիս Արտակարգ իրավիճակների նախարարությունը կշարունակի գոյություն ունենալ՝ ընթացքն անցնցում ապահովելու համար։ Ըստ Փաշինյանի՝ հաջորդ շաբաթ արդեն նախարար ու փոխնախարարներ կնշանակվեն, ընդ որում ոստիկանապետն ու Փրկարար ծառայության պետը կլինեն տեղակալներ և ոլորտային համակարգողներ, ևս 2 փոխնախարարներ էլ կլինեն քաղաքական նշանակման։

Ամիսներ շարունակ Հայաստանում շրջանառվում էր, թե ովքեր կարող են լինել ներքին գործերի նախարար, հիմնական հավակնորդները երեքն են՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ու գործող ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Վերջինս որևէ կերպ չի ցանկանում մնալ փոխնախարարի պաշտոնում և համաձայն է նախարարությունը ղեկավարել բացառապես նախարարի կարգավիճակով։ «Քաղաքացիական պայմանագրում» առայժմ չգիտեն, թե ում վրա է կանգնել Փաշինյանի ընտրությունը, սակայն վստահաբար բոլորը միանշանակ պնդում են, որ Վահե Ղազարյանին չարժե նշանակել նախարարի պաշտոնում։

Նախ նա քաղաքական դեմք չէ, երկրորդ խնդիրներ է ունենալու լրատվամիջոցների և քաղաքական օպոնենտների հետ շփումներում՝ հատկապես Ազգային ժողովում ոստիկանության վերաբերյալ օրինագծերը ներկայացնելիս, նաև չունի բավարար աջակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Ղազարյանի միակ «արժանիքը» Նիկոլ Փաշինյանի դասընկեր լինելն է, այն էլ տևական ժամանակ Ղազարյանն իրեն բավականին արտոնյալ է զգացել՝ ընդհուպ հրաժարվելով երբեմն կատարել Փաշինյանի հանձնարարությունները։

Այս օրերին էլ թե՛ Ղազարյանը, թե՛ մյուս թեկնածուները բավականին ակտիվացրել են իրենց լոբբինգը՝ փորձելով ստանալ ինչպես Փաշինյանի, այնպես էլ կուսակիցների աջակցությունը։ «Քաղպայմանագրի» վարչությունում հակված են այդ պաշտոնին տեսնել իրենց վարչության անդամներից Պետրոսյանին կամ Փամբուխչյանին։ Ինքը՝Փաշինյանը, մինչև վերջին օրը կնշանակի նախարարին և փոխնախարարներին, որևէ անուն չի տալու։

Առայժմ հայտնի է, որ 2 փոխնախարարների անունները՝ մեկը Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն է, որը ՆԳՆ-ում համակարգելու է բարեփոխումները, մյուսն էլ՝ Միգրացիայի ծառայության գործող ղեկավար Արմեն Ղազարյանը։ Նույնիսկ փրկարար ծառայության գծով փոխնախարարի հարցը առայժմ կախված է Փաշինյանի բարի կամքից։ 

Լինա Զուրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular