ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետները գնահատել են ռուս-թուրքական հարաբերությունների խորությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mskgazeta.ru-ն գրում է, որ չկա ոչ մի գործոն, որը կստիպի Թուրքիայի նախագահ Էրդողանին տնտեսական պատժամիջոցներ և սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի դեմ: Նման կարծիք են  արտահայտել փորձագետները «mskgazeta.ru»-ին տված հարցազրույցում։


ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը մտահոգված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սերտ համագործակցությամբ, որոնք ուղղված են պատժամիջոցների հնարավոր շրջանցմանը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարի նամակում ասվում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորացումը շարունակվում է, անհանգստության տեղիք է տալիս Թուրքիայի «Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանափակող միջոցներին չմիանալու» քաղաքականությունը։


Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի մասնաճյուղի ղեկավար Պավել Կլաչկովը կարծում է, որ ԵՄ-ն լծակներ չունի Թուրքիայի վրա, ուստի Անկարան կշարունակի անկախ քաղաքականություն վարել Մոսկվայի նկատմամբ։ «Թուրքիան, ի տարբերություն եվրոպական շատ երկրների, կարող է իրեն թույլ տալ ինքնիշխան քաղաքականություն վարել առանց արձագանքելու Արևմուտքի և նրա դաշնակիցների սպառնալիքներին և ճնշումներին։ Անկասկած, արևմտյան բլոկը հզոր է ռազմական տեսանկյունից, սակայն նրանց ուժը աստիճանաբար թուլանում է, և մեծ է ՆԱՏՕ-ի հետագա քայքայման վտանգը։ Անկարան դա հասկանում է, ուստի Էրդողանը հակառակ Եվրամիության և ԱՄՆ-ի կարծիքներին անկախ քաղաքականություն է վարում, այդ թվում Մոսկվայի հետ կապված։ Միաժամանակ չի կարելի ասել, որ Թուրքիան գործում է Ռուսաստանի շահերից ելնելով և օգնում է նրան շրջանցել պատժամիջոցները։ Թուրքիայի համար ազգային շահերը վեր են ամեն ինչից, և դա նորմալ դիրքորոշում է։ Եթե ​​Մոսկվան կարող է օգնել Անկարային որոշակի հարցերի լուծման հարցում, ապա, որպես կանոն, դա լինում է»,- ասել է Պավել Կլաչկովը։


Սակայն, ըստ քաղաքագետի, Արևմուտքը հազիվ թե լուռ հետևի Պուտինի և Էրդողանի սերտ համագործակցությանը։ «Արևմուտքը և նրա համախոհները կարող են ևս մեկ անգամ փորձել տապալել նախագահ Էրդողանին: Դրա համար Արևմուտքը ներքին ընդդիմություն է նախապատրաստում։ԱՄՆ-ի խնդիրն է Թուրքիային հետ պահել ազատ ինքնիշխան քաղաքականությունից»,- կարծիք է հայտնել Պավել Կլաչկովը։

Քաղաքագետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերին աջակցող АГО-ի տնօրեն Օլեգ Կուզնեցովը «mskgazeta.ru»-ի լրագրողին տված հարցազրույցում նշել է, որ չկա որևէ գործոն, որը կստիպի Էրդողանին տնտեսական պատժամիջոցներ և սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի դեմ։ «Ես չեմ տեսնում որևէ գործոն, որը կարող է ստիպել Անկարային դա անել։ Բայց կան մի շարք պատճառներ, թե ինչու Թուրքիան կշարունակի իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Նախ, պարոն Բորելը միանգամայն իրավացի է, որ այսօր Թուրքիան Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև աշխարհաքաղաքական շատ ավելի քիչ կշիռ ունեցող մի շարք այլ երկրների, ինչպիսին Հայաստանն է, հետ միասին զուգահեռ ներմուծման տարանցիկ երկիր է Ռուսաստանի համար և բավականին լավ փող է աշխատում: Այս երթուղին նման է Սիրիայից Եվրոպա նավթի երբեմնի 2012-2015 թթ. ուղուն, և որը ուղղակիորեն վերահսկվում էր նախագահ Էրդողանի որդիներից մեկի կողմից, և, հետևաբար, նա չի ոչնչացնի ոչ իր ընտանեկան բիզնեսը, և ոչ էլ կդադարեցնի հաջորդ տարի իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման ամենակարևոր աղբյուրներից մեկը: Նախագահ Էրդողանին ձեռնտու չէ խզել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, որոնցից նա ինքը անձամբ և իր քաղաքական կուսակցությունը տարեկան միլիարդավոր դոլարներ են վաստակում»,- պարզաբանել է Օլեգ Կուզնեցովը։
Փորձագետի կարծիքով, մեկ այլ պատճառ, թե ինչու է Թուրքիան շարունակելու իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, թուրքական բանակի հզորությունն է։

«Թուրքական բանակը ՆԱՏՕ-ի երկրների շարքում երկրորդն է մեծությամբ և մարտունակությամբ, ուստի ոչ ոք չի համարձակվի սպառնալ նրան առանց իրենց գործողությունների համար համարժեք պատասխան ստանալու վտանգի։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Թուրքիան նախագահ Էրդողանի օրոք, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, հաջողությամբ և համարձակորեն, առանց հետ նայելու Բրյուսելում գտնվող իր շտաբ-բնակարանին, պաշտպանում է իր ազգային շահերը ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ հակամարտություններում։ Այժմ Թուրքիան ակտիվ կոնֆլիկտի մեջ է Հունաստանի հետ, որի թիկունքում կանգնած են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Էգեյան և Միջերկրական ծովերի շելֆի հատվածի և դրանց վրա գտնվող ածխաջրածինների պատճառով։ Բավական է նշել, որ Աթենքի խնդրանքով ԱՄՆ-ը Էգեյան ծովի կղզիներում տեղակայել է 14 ռազմակայան։ Դրանք ուղղվելու են, չնայած բոլոր հայտարարություններին, ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի դեմ, և Անկարան դա լավ գիտի»,- ասել է Օլեգ Կուզնեցովը։


Քաղաքագետը մատնանշել է ևս երկու հանգամանք: «Նախ, Թուրքիան շահերի բախում ունի ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցում, որտեղ թուրքական զինուժը ժամանակ առ ժամանակ ջարդում է ամերիկամետ քրդական ուժերին, և Վաշինգտոնը ստիպված է համակերպվել դրա հետ: Երկրորդ հերթին հավաքական Արևմուտքի վերջին փորձը ստիպելու Թուրքիային հրաժարվել Բոսֆորի և Դարդանելի մասին Մոնտրոյի կոնվենցիայից հանուն քաղաքական հավակնությունների մերժվեց Անկարայի կողմից, քանի որ դա չի համապատասխանում նրա տնտեսական շահերին։

Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը բացահայտ և ցինիկ կերպով շահում է Ուկրաինայի հակամարտությունից և չի էլ թաքցնում դա։ Եվ նա չի վախենում Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների որևէ դիվանագիտական ​​դեմարշից, քանի որ պատրաստ է և հնարավորություն ունի դրանց պատասխանել ուժով։ Թուրքիան ուժեղ է, նրան ոչ ոք չի կարող ստիպել, նախագահ Էրդողանը դա գիտի, և, հետևաբար, նա կշարունակի տանել իր գիծը հաշվի չառնելով Բրյուսելի կարծիքը»,- եզրափակել է Օլեգ Կուզնեցովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular