Ինչո՞ւ է Ադրբեջանն այս ամենը հիմա անում․ փորձագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻնչո՞ւ է Ադրբեջանն այս ամենը հիմա անում։ Կարծում եմ, որ պատճառն այն է, որ Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանը քայքայված կիսապետություն է, որի ղեկին պատահական մարդիկ են, որոնք չեն տիրապետում բանակցային գործընթացին եւ արտաքին աշխարհի հետ շփման լեզվին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
Նա մատնանշեց քաղաքական ճգնաժամը, որի հանգուցալուծման բանալին գտնվում է Երեւանի Հանրապետության հրապարակում։
«Մենք անընդհատ ասում ենք, որ երկու տարի ուշացել ենք՝ մինչեւ 2020 թվականը եւ դրանից հետո։ Մինչդեռ պաշտոնական Երեւանի անգործությունն ու սխալ գործունեությունը հանգեցրել են նրան, ինչ ունենք այսօր։ Կարեւոր է տեսնել ուղիղ կապ եւ դա բացատրել հասարակությանը: Բայց ոչ ոք դա չի բացատրում վախեցած ու մոլորված հասարակությանը, որին ոչ ոք չի համախմբում հանուն բարձրագույն գաղափարների։ Այս իրավիճակում Ադրբեջանը՝ հաշվի առնելով նաեւ այլ գործոններ՝ աշխարհի զբաղվածությունն Ուկրաինայում, գնում է միջնադարյան գիշատչին հատուկ քայլերի։ Մենք չպետք է պատրանքներ ունենանք»,-ասաց փորձագետը։
Ադրբեջանը, Երեւանի պոտենցիալ դաշնակիցները եւ ողջ աշխարհը, նրա խոսքով, արձանագրում են իշխանության թուլությունը Հայաստանում, ինչը չի անում հայ հասարակությունը, որտեղ տիրում է անորոշություն եւ որեւէ մեկի հանդեպ հավատի բացակայություն։
Հովհաննիսյանը արձանագրեց իշխանության հանդեպ վստահության դեֆիցիտը, առաջնորդության դեֆիցիտը, եւ քանի դեռ դա այդպես է, անսպասելի ճգնաժամները պարբերական բնույթ են կրելու։
«Անհասկանալի է, թե ինչու են լռում ընդդիմադիր ինստիտուտները»,-ասաց փորձագետը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանն ունեցել է ճանապարհ դեպի Արցախ, եւ ոչ թե մեկ, այլ միանգամից երկու ճանապարհ, բայց չորս տարում պետականությունն անկում ապրեց։ «Ուստի մենք պետք է այն շատ արագ վերականգնենք։ Իսկ գլխիկոր ու «վիգենխաչատրյանական» բառապաշարով ադրբեջանցիները մեզ կհոշոտեն»,-եզրափակեց քաղաքագետը։