ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը բացաձակ բռնապետություն է հաստատում Ադրբեջանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ձեռքում է կենտրոնացնում Ադրբեջանի ողջ իշխանությունը։ Տասնամյակներ շարունակ Ալիևներն ու Փաշաևները ղեկավարել են Ադրբեջանը՝ իրար մեջ կիսելով լծակները։ Փաշաևների կլանի ամենակարկառուն ներկայացուցիչը նշենք, Իլհամ Ալիևի կինն է՝ Մեհրիբանը։

Առանձին մի կլան էլ ստեղծվել է Նախիջևանում, որը ղեկավարում է Նախիջևանի Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը։ 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ ադրբեջանցի փորձագետներ նշում էին, թե Իլհամ Ալիևի դիրքերն իր երկրում բավականին հզորացել են և նա ամեն ինչ անելու է ողջ իշխանություն իր ձեռքում կենտրոնացնելու, քաղաքական հնարավոր հակառակորդներին ասպարեզից հեռացնելու համար։

Ամիսներ շարունակ ադրբեջանական հատուկ ծառայությունները հետապնդել և կոռուպցիոն տարբեր մեղադրանքներով ձերբակալել են Նախիջևանի ազդեցիկ պաշտոնյաների։ Հիմնական թիրախը սակայն հենց Վասիֆ Թալիբովն էր, որը Նախիջևանը վերածել է իր անձնական ամրոցի և շատ ժամանակ հրաժարվում էր ենթարկվել կենտրոնական իշախնության հրահանգներին։

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Թալիբովը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Թալիբովն, ի դեպ, Նախիջևանը ղեկավարում էր արդեն 26 տարի, նա Հեյդար Ալիևի ամենամտերիմ մարդկանցից մեկն էր։ 90-ականների սկզբին, երբ Հեյդար Ալիևը ստիպված էր լքել Մոսկվան՝ վերադառնալով հայրենի Նախիջևան, մի քանի տարի շարունակ բնակվում էր Թալիբովների երեք սենյանականոց բնակարանում։ Արդեն Ադրբեջանի նախագահ դառնալուց հետո Ալիևը Թալիբովին նշանակեց իր օգնականի, ապա նաև Նախիջևանի տեղական խորհրդարանի խոսնակի պաշտոնում՝ նրան ահռելի լծակներ շնորհելով։

Օգտագործելով իր Թուրքիայի սահմանակից լինելու հանգամանքը՝ Թալիբովը կարողացել էր Նախիջևանում բավականին լուրջ ուժ կուտակել՝ երբեմն հակառակվելով Իլհամ Ալիևին։ Վերջինս տևական ժամանակ նույնիսկ չէր էլ փորձում խափանել Թալիբովի ծրագրերը, բայց այժմ այլևս չի կարող հանդուրժել, որ ինչ որ մեկը ընդդիմանա «Բաքվի խանի» կամքին և այդ կապակցությամբ էլ Թալիբովին պարտադրել են հրաժարական տալ։

Չի բացառվում, որ նրան նույնիսկ ձերբակալեն կամ կոռուպցիոն մեղադրանքներ առաջադրեն։ Միայն իր պաշտոնավարման ընթացքում Նախիջևանի արդեն նախկին ղեկավարի ընտանիքը հսկայական հարստություն է կուտակել։ Նրա որդիներին և դուստրերին են պատկանում Դուբայում գտնվող շքեղ առանձնատուն և 12 հարկանի հյուրանոց, 2 հյուրանոց էլ Թալիբովներն ունեն Բաթումիում։ Արտերկրյա գույքի ընդհանուր արժեքը հասնում է 63 միլիոն դոլար՝ չհաշված Նախիջևանում ունեցած հարստությունները։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular