Հուլուսի Աքարը ժամանել է Ադրբեջան՝ հետևելու ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հետևելու է Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների զորավարժություններին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին՝ «Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի շրջաններում»։
Ըստ Պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժություններն ընթանում են մարտական և հատուկ ինժեներասակրավորային տեխնիկայի, ինչպես նաև Ադրբեջանի բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ։
Ըստ նույն աղբյուրի՝ թուրք ու ադրբեջանցի զինծառայողները համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։ Ռազմական գերատեսչությունը վարժանքներում ներգրավված զորքի թվաքանակի և կիրառվող զինտեխնիկայի մասին մանրամասներ չի հայտնում։