ՆԱՏՕ-ն այժմ իր գլխավոր խնդիրը համարում է Ուկրաինայի հաղթանակի ապահովումը. Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն այժմ իր գլխավոր խնդիրը համարում է Ուկրաինայի հաղթանակի ապահովելը։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ այժմ գլխավորը Ուկրաինայի հաղթանակն է, այլ ոչ թե նրա՝ ՆԱՏՕ մտնելու քննարկումը, քանի որ, հակառակ դեպքում, նա ոչ մեկին «չի կարող անդամակցել»։
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ճանաչում է կազմակերպությանն անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը, սակայն ներկայումս գլխավոր առաջնահերթությունը համարում է երկրի ռազմական աջակցությունը։
Նա նաև հայտարարել է, որ դաշինքը Ուկրաինայում խաղաղության միակ ճանապարհը համարում է երկրին զենքի մշտական մատակարարումը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են ավելի սերտ համագործակցել Ուկրաինայի հետ և կշարունակեն աջակցել այդ երկրին «այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի»։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ծրագրում է մեծացնել իր ներկայությունը «Սև ծովից մինչև Բալթիկ ծով»: Նա նաև ընդգծել է, որ սևծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի դաշինքի համար։