Էրդողանին օգնության են հասնում արաբական հարուստ երկրները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքիայում տնտեսական իրավիճակի վատթարացման և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի կտրուկ անկման պայմաններում, թուրքական իշխանություններն ուշագրավ քայլեր են սկսել իրենց համար ֆինանսական նոր աղբյուրներ գտնելու, և թուրքական տնտեսությունը փոքրիշատե վերականգնելու ուղղությամբ։
«Ռոյթերս» գործակալության տվյալներով, Քաթարը պատրաստվում է Թուրքիային փոխանցել 8-ից 10 միլիարդ դոլար, որի մի մասը՝ 2-3 միլիարդը, մինչև այս տարվա վերջ։ Այդ գումարներն օգտագործվելու են տոկոսադրույքների իջեցումով պայմանավորված, արժույթի տատանումները հավասարակշռելու համար։
Համաձայնություն ձեռք է բերվել Թուրքիայի և Քաթարի ղեկավարների հանդիպմանը աշխարհի առաջնության շրջանակներում։ Էրդողանը մեկնել էր Դոհա և այնտեղ հանդիպել Քաթարի էմիրի հետ, որտեղ էլ կարողացել էր նրան համոզել, թե միայն իր ընտրությունը կդառնա Քաթարի և արաբական այլ երկրների համար դրական ազդակ, իսկ ընդդիմության հաղթանակի դեպքում արաբական երկրները կարող են բախվել լրջագույն խնդիրների հետ։ Իհարկե, Էրդողանի ձեռնարկած այս գործողությունները դեռ բավականին թույլ են, սակայն կարող են իրավիճակ փոխել։
Վերջին սոցիոլոգիական հարցումների ընթացքում, որ անցկացվել են 18-ից 35 տարեկան երիտասարդների շրջանակներում, հարցվածների 81,6 տոկոսը բացասական պատասխան է տվել հարցին, թե՝ «Արդյո՞ք գործող քաղաքական կուսակցությունները կարող են լուծել Թուրքիայի խնդիրները»։ «Որքա՞ն երջանիկ են մարդիկ Թուրքիայում» հարցին էլ մասնակիցների 96,3 տոկոսը բացասական պատասխան է տվել։ 82,4 տոկոսն էլ ասել է, թե նախորդ տարվա համեմատ իրենց կենսապայմաններն ավելի են վատթարացել։
Եվ ընդամենը միայն 9 տոկոսն է նշել իր կենսամակարդակի լավացումը։ Այս ամենը լրջորեն ազդելու է Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի և եկող տարի կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների վրա և Էրդողանն այժմ մի կողմից պետք է փորձի տնտեսությունը վերականգնել, մյուս կողմից էլ՝ ռազմական նոր էսկալացիաների միջոցով իրավիճակը բեկել իր օգտին և համախմբել թուրքական հանրությանը իր շուրջ։
Ըստ էության, դրան են միտված թե՛ Սիրիայում ցամաքային օպերացիա ստեղծելու վերջին որոշումները, և թե՛ այլ հարևանների հետ հարաբերությունները վատթարացնելու նրա քայլերը։
Մարուսյա Վարդանյան