ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեկին ՀԱՊԿ, մյուսին «ՆԱՏՕ-ի օրեր»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kommersant.ru-ն գրում է, որ Ադրբեջանում ավարտվել են «ՆԱՏՕ-ի օրերը»՝ միջոցառումների շարքը, որին մասնակցել են Եվրոպայում դաշինքի դաշնակից ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները։ Ուշադրության կենտրոնում են եղել «առկա և հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համատեղ գործունեության ոլորտները»: Այդ ամենը ընթացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախազգուշացումների ֆոնին: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում նա իր գործընկերներին հորդորել էր գոնե ինչ որ բան անել «Հայաստանի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար»:
 Նոյեմբերի 21-ից էին Ադրբեջանում սկսվել «ՆԱՏՕ-ի օրերը»։

Միաժամանակ, Բաքվում այդ մասին պաշտոնական քիչ տեղեկություններ են հրապարակվել։ «ՆԱՏՕ-ի օրերի շրջանակում նախատեսվում են ՆԱՏՕ-ի պատվիրակության մի շարք հանդիպումներ՝ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն շտաբի պետի տեղակալ, կոնտր-ծովակալ Գյունշտեյն Բրյուսդալի գլխավորությամբ», - մասնավորապես, հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն: Նրանք նաև նշել էին, որ պատվիրակության անդամներին «կներկայացվեն ճեպազրույցներ տարբեր թեմաներով»։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նաև այցելել են երկրի զորամասերից մեկը, սակայն իշխանությունները չեն բացահայտել, թե դա որ «համար» զորամասն է։ Այնտեղ հյուրերին պատմել են «ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների, զորամասի գործունեության ու ուսումնական կենտրոնների, ինչպես նաև անձնակազմի պատրաստման գործընթացի մասին»։


Կոնտրադմիրալ Բրյուսդալին ընդունել է նաև նրա անմիջական գործընկերը՝ Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը։ «Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Վելիևը բարձր է գնահատել դաշինքի ներդրումը ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակներում ադրբեջանական ստորաբաժանումների պատրաստման գործում»,- ասվել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նաև պարոն Վելիևը նշել է «հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի ազատագրված տարածքներում պաշտպանության նախարարության կատարած աշխատանքները»։

Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մասնակցում են արտերկրում ՆԱՏՕ-ի առաքելություններին։ Օրինակ, մի քանի տասնյակ զինվորներ 2021 թվականի օգոստոսին ներկա էին Քաբուլի օդանավակայանում, երբ ռազմական դաշինքը զբաղված էր Աֆղանստանից տարհանմամբ երկրի այն բնակիչների, ովքեր համագործակցել էին օտարերկրյա զորախմբի հետ և, հետևաբար, կարող էին ճնշվել Թալիբան շարժման կողմից։ 


«Ադրբեջանական զինվորականները պարբերաբար մեկնում են Բրյուսել, մասնակցում պլանավորված միջոցառումներին, փորձի փոխանակմանը,- «kommersant.ru»-ին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության Բաքվի կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը,- մեր սպաները կրթություն են ստացել թուրքական ռազմական ակադեմիաներում, որոնք կառուցված են դաշինքի չափանիշներով։ Միևնույն ժամանակ, հարկ է հիշեցնել, որ Բաքուն Չմիավորման շարժման ներկայիս նախագահն է և լիովին կիսում է այդ կազմակերպության գաղափարները, և Ադրբեջանի իշխանությունները չեն շեղվի այդ սկզբունքներից»։


Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը նույնպես նշել է, որ «Բաքվի աշխատանքը ՆԱՏՕ-ի հետ գործնական առումով 90 տոկոսով իրականացվում է Թուրքիայի հետ Ադրբեջանի դաշինքով, համենայնդեպս այդպես է «գետնի վրա»»։ «Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի մյուս ծրագրերին, ապա դա կրթությունն ու բարձրագույն ուսուցումն է, մասնակցությունը խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի զորավարժությունները», - «kommersant.ru»-ին ասել է պարոն Մուսաբեկովը:
Մինչդեռ կարևոր է այն համատեքստը, որի ֆոնին էր կոնտրադմիրալ Բրյուսդալը եղել Ադրբեջանում։ Այսպիսով, ուշադրության է արժանի Երևանում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստը, որը հիշվել է առաջին հերթին հյուրընկալող կողմի դեմարշով։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը այն անվանելով «անավարտ»։ «ՀԱՊԿ-ի կողմից իրավիճակի հստակ քաղաքական գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չընդունելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու մասին, այլ նաև Ադրբեջանի կողմից կմեկնաբանվի որպես ՀԱՊԿ-ի կողմից «կանաչ լույս» Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»,-  ասել է նա: 


Նկատի ունենալով այն, որ վերջերս Բաքուն հայ-ադրբեջանական կարգավորման հարցում դեռ ավելի շատ հենվում է արևմտյան կառույցների, օրինակ՝ Եվրամիության աջակցության վրա, «ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամրապնդման» մասին խոսքերը կարելի է համարել տարածաշրջանը դաշինքների ռազմական առճակատման գոտու վերածելու նպատակի մասին։ Սակայն ՆԱՏՕ-ի գործունեությունը Ադրբեջանում կարող է հատկապես չգոհացնել երկրի հարավային հարևան Իրանին, հատկապես, քանի որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններն արդեն վատթարացել են։ Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Բաքուն «ափսոսում է, որ վերջերս որոշ պաշտոնյաների, խորհրդարանի պատգամավորների և Իրանի Իսլամական Հանրապետության ուժային կառույցների ներկայացուցիչների մի շարք հայտարարություններ առաջացրել են երկու երկրների միջև լարվածության աճ»։ 


«Իրանը միշտ կասկածանքով է վերաբերվում տարածաշրջանում ցանկացած արտատարածաշրջանային ուժերի և հատկապես իր անմիջական հակառակորդների՝ Իսրայելի և ՆԱՏՕ-ի գործունեությանը», - «kommersant.ru»-ին ասել է Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի իրանցի փորձագետ Նիկիտա Սմագինը,- օրինակ Թեհրանում հաճախ են ասում, որ Ադրբեջանում կան «սիոնիստներ» հիմք ընդունելով այն փաստը, որ հանրապետություն պարբերաբար գալիս են իսրայելցի ռազմական մասնագետներ, որոնք զբաղվում են մարտական ​​անօդաչու թռչող սարքերի մշակմամբ։ ՆԱՏՕ-ն ոչ պակաս անհաշտ հակառակորդ է Իրանի համար, և հետևաբար, Թեհրանն անպայման ուշադիր կհետևի Ադրբեջանում դաշինքի գործունեությանը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular