Ովքե՞ր են հավակնում նոր ձևավորվող «սուպերնախարարի» պաշտոնին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԿառավարության այսօրվա նիստում հաստատվեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Նոր ձևավորվող սուպերնախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Նախարարությունում կկենտրոնացվի հինգ հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում ու բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա ու քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։
Անշուշտ, այսօր թիվ մեկ ինտրիգը կայանում է նրանում, թե ում Փաշինյանը կվստահի սուպերնախարարի այս պաշտոնը: Ըստ շրջանառվող լուրերի՝ հավանական թեկնածուները երեքն են՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը և ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը: Դիտարկենք նրանցից յուրաքանչյուրի շանսերն առանձին-առանձին:
Վահե Ղազարյանի թեկնածությանը այս պաշտոնում դեմ չեն լինի ուժայինները, քանի որ նա այսպես ասած՝ «համակարգի» մարդ է: Ղազարյանը մինչև Թավշյա հեղափոխությունը մարզային նշանակության պաշտոններ է զբաղեցրել Տավուշում՝ Իջևանում և Դիլիջանում: Հեղափոխությունից անմիջապես հետո նա նշանակվեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, մեկ տարի անց՝ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ, այնուհետև՝ ոստիկանապետ: Նա համարվում է Նիկոլ Փաշինյանի մտերիմը և նույնիսկ՝ մանկության ընկերը և վերջինիս կարիերային թռիչքը հեղափոխությունից հետո շատերը պայմանավորում էին նաև այս հանգամանքով: Ամիսներ առաջ Դիմադրության շարժման կազմակերպած ակցիաների ընթացքում Ղազարյանը, չնայած առկա հանրային ճնշման, իրեն ցույց տվեց որպես Փաշինյանի հրամանները պատրաստակամորեն կատարող և «խաղեր չտվող» պաշտոնյա: Անգամ եթե Փաշինյանը ցանկանա սուպերնախարարի պաշտոնը հանձնել Ղազարյանին, այդ որոշմանը դժվար հոժարակամորեն համաձայնվեն սորոսական շրջանակները, որոնք բավական լրջորեն աշխատում են ոստիկանապետի դեմ՝ ցանկանալով վերջինիս փոխարինել իրենց արժեհամակարգին առավել մոտ թեկնածուով: Դժվար է պատկերացնել, որ սորոսականները, ովքեր այսօր որպես փորձագետներ ներգրավված են նոր ստեղծվող կառույցի ձևավորման գործընթացում, «հալած յուղի» տեղ կընդունեն Փաշինյանի՝ Ղազարյանին սուպերնախարարի պաշտոնը տալու նախաձեռնությանը: Այդ քայլին գնալով՝ Փաշինյանը կարող է վերջնականապես կորցնել սորոսականների՝ առանց այդ էլ օրեցօր նվազող աջակցությունը:
Մյուս թեկնածուն, ում անունը շրջանառվում է, Անդրանիկ Քոչարյանն է: Վերջինս հեղափոխությունից հետո չի էլ թաքցնում իր հավակնությունները հատկապես ՊՆ և ուժային բլոկի հանդեպ և բնական է, որ նորաստեղծ սուպերնախարարությունը Քոչարյանի համար «յուղոտ պատառ» է հանդիսանում: Սակայն, Քոչարյանի գործերը բարդանում են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած լարվածության պատճառով: Լարվածության հիմքում հենց Քոչարյանի անթաքույց ամբիցիաներն են և ՊՆ-ում իր լծակները ավելացնելու ցանկությունը: Ընդամենը վերջերս էլ Պապիկյանը հետ ուղարկեց Քոչարյանի կողմից մշակված ԶՈՒ բարեփոխումների ռազմավարությունը՝ հայտարարելով, որ «որոշ բաներ իրեն դուր չեն գալիս»: Գաղտնիք չէ, որ Քոչարյանը ամեն ինչ անում է, որպեսզի իր մարդիկ պաշտոնի անցնեն ուժային համակարգում եւ արդեն բավականին լուրջ հաջողությունների հասել է այդ առումով, օրինակ պատերազմից հետո կարողացել է հասնել նրան, որ ՊՆ նախարար նշանակվի իր վաղեմի ընկերը՝ Վաղարշակ Հարությունյանը, ճիշտ է՝ Քոչարյանի «տրիումֆը» երկար չի տևել: Այս ամենի հետ մեկտեղ, Քոչարյանը ունի նաև լուրջ բացթողումներ, որոնք կարող են և չներվել Փաշինյանի կողմից, այն է ապրիլյան պատերազմի և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովների աշխատանքի փաստացի տապալումը․ Քոչարյանին այդպես էլ չհաջողվեց «մեղավորներ» գտնել նախկին իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան գեներալիտետի շարքերում, և Փաշինյանը չէր էլ թաքցնում իր դժգոհությունը Քոչարյանի կատարած աշխատանքից: Սակայն Քոչարյանի թերևս ամենամեծ թերությունը կայանում է նրանում, որ վերջինս ընդգծված հակառուսական գործիչ է և հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանը կցանկանա փչացնել Մոսկվայի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները՝ սուպերնախարարությունը բացահայտ արևմտամետ Քոչարյանին հանձնելով: Հիշենք դրվագը, երբ ըստ տարածվող լուրերի՝ Փաշինյանը հետ կանգնեց Մհեր Գրիգորյանին ԱԳՆ պաշտոնում նշանակելու մտքից, այն պատճառով, որ վերջինս պրո-արևմտյան գործիչ է և նրա թեկնածությանը դեմ էր Մոսկվան:
Հաջորդ թեկնածուն ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանն է, ում պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց տեղի ունեցավ Սուրմալուի ողբերգական դեպքը և պետք է նշել, որ Փամբուխչյանի նախարարական դեբյուտը բավական բարդ ստացվեց: Ծանր էին Փամբուխչյանի առաջին ամիսները նաև 2018-ին ՏԿԵՆ նախարարի տեղակալ նշանակվելուց հետո, երբ լրջագույն խնդիրներ էին առաջացել Վերին Լարսի անցակետում և խնդրի կարգավորմամբ, բանակցություններով հայկական կողմից զբաղվում էր հենց Փամբուխչյանը: Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ երեք թեկնածուներից առավել մեծ շանսեր ունի հենց Փամբուխչյանը, ով վերջերս նաև ընտրվեց ՔՊ վարչության անդամ և դա էլ իր հերթին հավելյալ առավելություն է տալիս նրան՝ հաշվի առնելով այն փաստը, որ որոշում կայացնելուց Փաշինյանը, անշուշտ, հաշվի է առնելու նաև քաղաքական թիմի կարծիքը և տրամադրությունները: Բացի այդ, Փամբուխչյանը կարող է ընդունելի թեկնածու լինել թե՛ Արևմուտքի, թե՛ Մոսկվայի համար, քանի որ որպես կանոն՝ աչքի է ընկել բալանսավորված դիրքորոշումներով և հայտարարություններով: Որոշում կայացնելուց Փաշինյանն, անշուշտ, ստիպված է լինելու հաշվի առնել նաև այս հանգամանքը:
Թե ում վրա կանգ կառնի Փաշինյանի վերջնական ընտրությունը՝ ցույց կտա ժամանակը: Անշուշտ, ՔՊ-ի ներսում բացի վերը նշված անձանցից կան նաև այլ անձինք (ում անունները դեռևս չենք նշի), ովքեր ցանկանում են զբաղեցնել այդչափ բաղձալի պաշտոնը, հետևաբար պայքարը, այդ թվում ներթիմային և կլանային պայքարը ՔՊ-ում, վարչության ընտրություններով ոչ միայն չի ավարտվում, այլ նոր թափ է ստանում...