ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը Թեհրանում. Հայաստանին գնալով հետաքրքրում է իրանական ուղղությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ritmeurasia.org–ը գրում է, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը, որից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն։ Ակնհայտ է, որ հանդիպումը բեկումնային չի դարձել և չէր էլ կարող դառնալ՝ կողմերի միջև տարաձայնությունները չափազանց մեծ են։ Բայց հենց հանդիպման փաստը պետք է դրական գնահատել։


Հաջորդ օրը Փաշինյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թեհրան։ Թեև այցի կարգավիճակը եղել է միայն աշխատանքային, սակայն հյուրին դե ֆակտո ընդունել են պաշտոնական այցի ընթացակարգով։ Հայաստանի և Իրանի շահերը տարածաշրջանում համընկնում են, իսկ առանցքային կետը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»–ն է: Բաքուն և Անկարան պնդում են, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանի ինքնավարությունը կապող հաղորդակցությունները պետք է ունենան նույն արտատարածքային կարգավիճակը, ինչը ունի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող տրանսպորտային միջանցքը։ Երևանը գտնում է, որ համապատասխան «երթուղիները» պետք է լինեն Հայաստանի իրավասության ներքո, եւ երկու ուղղություններով տեղափոխվող բեռներն ու ուղևորները պետք է անցնեն մաքսային և սահմանային ընթացակարգեր համաձայն Հայաստանի օրենքների։ Թեհրանը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը, և դեմ է տարածաշրջանում պետական ​​սահմանների փոփոխությանը, այդ թվում Հայաստանի հետ իր ցամաքային կապի պահպանմանը։ Իրանցիները վախենում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև արտատարածքային ուղիղ ցամաքային կապի հաստատումից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում ուժերի անհավասարակշռության, Թուրքիայի ազդեցության ուժեղացման և Իսրայելի՝ Բաքվի դաշնակիցի, կարողությունների ընդլայնմանը, ինչը էական վտանգ կստեղծի երկրի հյուսիսային տարածքների համար, որոնք բնութագրվում են թյուրքալեզու բնակչության կոմպակտ բնակությամբ։ Իրանի կառավարությունը բազմիցս է զգուշացրել Բաքվին, որ տարածաշրջանում սահմանների ուժային փոփոխությունն իր համար «կարմիր գիծ» է։ Նշանակված «կարմիր գծերը» պաշտպանելու պատրաստակամություն դրսևորելու համար Իրանը հոկտեմբերի 17-ից 19-ը Արևելյան Ադրբեջան և Արդաբիլ (երկրի հյուսիս-արևմուտք) նահանգներում անցկացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Հզոր Իրան» պայմանական անվանմամբ ցամաքային զորավարժություններ: Զորավարժությունների ընթացքում մշակվել են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, այդ թվում լայնամասշտաբ զինված բախում։ Հատկանշական է այն, որ գործնականում առաջին անգամ ԻՀՊԿ ստորաբաժանումները հատել են Արաքս գետը։ Այնուհետև հոկտեմբերի 22-ից իրանական բանակի 164-րդ հետևակային բրիգադի և գրոհային ստորաբաժանումների մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի հետ սահմանին գտնվող Արևմտյան Ադրբեջան նահանգում։ Սցենար է մշակվել բանակային ավիացիայի և ծանր հրետանու օգտագործմամբ տեղային սահմանային հակամարտություն իրականացնելու, ինչպես նաև քաղաքային բնակավայրերում մարտերի համար։ Միանգամայն բնական է, որ այդ բոլոր զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել Իրանում շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին (հատկապես նրա հյուսիս-արևմտյան շրջաններում), հատկապես ուշադիր են հետևել Անկարայում ու Բաքվում։


Վերադառնալով Փաշինյանի Թեհրան կատարած աշխատանքային այցին, պետք է նշել, որ երկու երկրների ղեկավարները հանդիպել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով քննարկելով հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող արդիական օրակարգային հարցեր։ Ռաիսին ասել է, որ բարիդրացիության քաղաքականությունը Իրանի կառավարության կարևորած ռազմավարություններից մեկն է ընդգծելով, որ օրակարգում են երկկողմ հանդիպումները առևտրային և անվտանգության հարաբերությունները զարգացնելու նպատակով։ Իրանն այժմ Հայաստանի արտաքին առևտրային երեք խոշոր գործընկերներից մեկն է (Ռուսաստանից և Չինաստանից հետո)։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ ոլորտներում համագործակցության հարցեր, նշել են բեռնափոխադրումների դյուրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև ընդգծվել է երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտի անհրաժեշտությունը։ Իրանի նախագահին զեկուցվել է Սոչիի հանդիպման արդյունքների մասին՝ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ավելի լայն համատեքստում։ Թվում է, թե բանակցությունների այդ մասն է եղել առանցքայինը։ Փաշինյանը բարձր է գնահատել Իրանի կառավարության վերաբերմունքն ու քաղաքականությունը այդ երկրի հայ համայնքի համար ստեղծված հնարավորությունների առումով,  շնորհակալություն է հայտնել Ռաիսիին երկկողմ հարաբերությունների դրական զարգացմանն աջակցելու համար, ինչի մեկ այլ վկայություն է Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում։


Նշենք, որ Փաշինյանի այցից օրեր առաջ Թեհրան էր այցելել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Բանակցությունների արդյունքում նա և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի դիմաց գազի մատակարարման պայմանագիրը մինչև 2030 թվականը երկարաձգելու մասին։ Հայկական լրատվամիջոցները, հղում անելով իրանական աղբյուրներին, պնդում են, որ Իրանի ավտոճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին էլ հայտնել է իրանական ընկերությունների պատրաստակամությունը զարգացնել փոխադրամիջոցները Իրանի և Հայաստանի միջև և ստեղծել նոր տարանցիկ միջանցք Հայաստանի և Պարսից ծոցի միջև։ Ղասեմին նաև ասել է, որ քննարկվել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում թունելների, ճանապարհների ու շենքերի կառուցմանը։ Կարևորվելով այն փաստը, որ Իրանը ցեմենտ արտադրող չորրորդ երկիրն է աշխարհում, ինչպես նաև մատնանշելով պողպատի արտադրության արդյունավետությունը Ղասեմին նշել է Հայաստանում համապատասխան արտադրողների ավելի մեծ ներկայացվածություն ստեղծելու անհրաժեշտությունը։
Ակնհայտ է, որ հաշվի առնելով երկու երկրների տարածաշրջանային շահերի օբյեկտիվ համընկնումը իրանական ուղղությունը սկսել է ավելի ու ավելի ակտիվորեն հետաքրքրել Հայաստանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular