«Քաղաքացիական պայմանագրում» իրավիճակը լարվել է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագրում» իրավիճակն այնքան է լարվել վարչության ընտրությունների կեղծումից և դրա մասին արտահոսքից հետո, որ շատերն իրար հետ չեն խոսում։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ականները խուսափում են հեռախոսով կամ այլ միջոցներով խոսել իրար հետ, նախընտրում են մաքուր օդին հանդիպումներն ու զրույցները՝ վախենալով հնարավոր գաղտնալսումից։
Հատկապես «Պեգասուս» ծրագրով գաղտնալսումների մասին տեղեկությունից հետո իրավիճակը «Քաղպայմանագրում» այս առումով ավելի է բարդացել։ Տևական ժամանակ խոսակցություններ չկային, որ քաղաքական գործիչներին գաղտնալսում են իսրայելական արտադրության և միայն պետական մարմիններին վաճառվող գաղտնալսող ծրագրի մասին, սակայն տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել էր, որ մեկ տասնյակից ավելի անձանց են գաղտնալսել։ Իշխող ուժի ներկայացուցիչները, ըստ մեր աղբյուրների, այլևս չեն վստահում Նիկոլ Փաշինյանին, իրենք էլ դեմ չեն լինի նրան իշխանությունից հեռացնելուն, ՔՊ այլ ազդեցիկ անձով փոխարինելուն։
Այդ պատճառով էլ «Քաղաքացիական պայմանագրում» կրկին սրվել է տարբեր կլանների պայքարը, և նրանց նպատակը Փաշինյանին իրենց առաջնորդով փոխարինելն է։ Այս համատեքստում ՔՊ-ում լուրջ կասկածներ կան, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ աշխատում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով ոչ միայն քաղաքապետի հավակնություններ ունի, այլև ավելի մեծ ամբիցիաներ, մտածում է մասնակի իշխանափոխության պարագայում զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ փոխարինելով Նիկոլ Փաշինյանին։ Ավինյանի և Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները բավական բարդ են, Ավինյանը միակն էր, ով հրաժարվել էր ներգրավվել ընտրական ցուցակում՝ դժգոհելով օլիգարխների ընդգրկումից ընտրական ցուցակում։
Վարչապետ դառնալու հավակնություններ ունի նաև Սուքիասյանը, ով նաև տևական ժամանակ փորձել է խափանել Ավինյանի՝ քաղաքապետի թեկնածու դառնալու որոշմանը։ Քաղաքապետ դառնալով՝ Ավինյանը լուրջ ռեսուրսներ է հավաքելու իր ձեռքում, իսկ դա բացահայտ խփում է Սուքիասյանի շահերին։
Աննա Նադոյան