Վրաստանը պատրաստ է շարունակել հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Պապուաշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլեն Սիմոնյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը հանդիպել են Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:Այս մասին գրում է Jnews-ը։
Վրաստանի Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին և հետագա համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության հարցեր։
Նշվել է, որ Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը մշտապես զարգանում է դրական դինամիկայով, ինչն էլ ավելի է ամրապնդում բարիդրացիական հարաբերությունները։
Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի հարավկովկասյան տարածաշրջանը դառնա խաղաղության և համագործակցության օրինակ։
«Պարոն Սիմոնյանի այցը հատկապես կարևոր է նրանով, որ այս տարի լրանում է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ 30 տարի շարունակ մեր երկրների միջև կապերն ու բարեկամությունը խորացել են, ինչը բազմաթիվ շահեկան արդյունքներ է բերել ինչպես մեր երկրների, այնպես էլ քաղաքացիների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար։ Հուսով եմ, որ այս տասնամյակների ընթացքում մենք ստեղծել ենք ամուր հիմք, որի վրա մեր ապագա սերունդները կկարողանան ապրել բարիդրացիական և եղբայրական համակեցության մեջ։
Վրաստանը պատրաստ է շարունակել հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի հարավկովկասյան տարածաշրջանը դառնա խաղաղության և համագործակցության օրինակ։ Հուսով եմ, որ մենք բոլորին և առաջին հերթին մեր երիտասարդ սերունդներին ցույց կտանք, որ նույնիսկ ամենադժվար խնդիրների դեպքում Հարավային Կովկասի ժողովուրդը կարող է խելամտությամբ և փոխադարձ համագործակցությամբ կառուցել խաղաղ ապագա։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն Սիմոնյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը ժամանելու և հետաքրքիր հանդիպման համար»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։