ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերմիշյանի հանցագործության մասին հաղորդումն ընդդեմ Փաշինյանի. իրավապահները ընթացք կտա՞ն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանը, ով մեկ տարուց ավել է գտնվում է կալանքի տակ, ուշագրավ բացահայտումներով է հանդես եկել: Դատական նիստի ընթացքում նա արել է այնպիսի հայտարարություններ, որոնք պարզապես պարտավոր են դառնալ իրավապահ մարմինների համար ուսումնասիրության առարկա՝ հայտնվելով վերջիններիս խոշորացույցի տակ:

Դիցուք՝ նա արել է հետևյալ հայտարարությունը՝ «Կառավարության նիստերից մեկի ժամանակ Կադաստրի այն ժամանակվա ղեկավարներից մեկն առաջարկություն է ներկայացնում 13 մլրդ դրամ բյուջեից գումար հատկացնելու համար, որպեսզի կատարվի ամբողջ Հայաստանի տարածքի օրթոֆոտոլուսանկարահանում»։ Նա պատմեց, որ օրինակ՝ Ռուսաստանում 50 հազար քառակուսի կիլոմետրի համար օրթոֆոտո լուսանկարահանումն արվել է ընդամնեը 7 մլն ռուբլիով, Հայաստանի համար պետք էր 35 հազար քառակուսի կիլոմետրի համար լուսանկարահանում ու դրա համար առաջարկվում էր 26 մլն դոլար գումար դուրս գրել։ «Հարցրեցի, թե ինչ 26 մլն դոլար, աղետի գոտու համար ես 8 մլն դոլար էի ուզում, որպեսզի մարդկանց համար բնակարան կառուցեմ, իսկ դու 26 մլն դոլար ես ուզում։ Հարցրեցի, թե ով է անելու այդ լուսանկարահանումը, ասաց, որ 6 ընկերության առաջարկ են ներկայացրել ամենալավ առաջարկը Իսրայելն էր արել։ Նիստին ներկա էին Դավիթ Տոնոյանը, Արթուր Վանեցյանը, նրանց ասացի, որ ռազմական գործից քիչ բան եմ հասկանում, բայց ինձ համար ակնհայտ էր, որ իսրայելական ընկերությունը մի բան էլ ինքը մեզ պետք է ավելի քան 50 մլն դոլար տար, միայն թե այդ լուսանկարներն ունենար։ Իսրայելական ընկերությունները արդեն Ադրբեջանին ԱԹՍ-ներ էին վաճառում, ու այդ քարտեզները նրանց պետք էր, որ ոչ թե շենքին խփեին, այլ օրինակ, շենքում գտնվող իրենց ուզած աթոռին։ Սա նույնպես որոշ մարդկանց մոտ վատ արձագանք ունեցավ։ Հաջորդ խնդիրը ազատ տնտեսակա գոտի ստեղծելու գաղափարի դեմ խոսելն էր՝ Շիրակի մարզում»։

Այսինքն, ինչում է, ըստ էության, Վերմիշյանը մեղադրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով վստահաբար ներկա էր վերը նշված նիստերին: Առաջին հերթին՝ ազգային անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող պրոցեսների վրա աչք փակելու մեջ, այնուհետ՝ բյուջեն փաստացի մսխելու, կամ առնվազն դրա դեմը չառնելու մեջ: Քանի որ 26 միլիոն դոլարը, ըստ Վերմիշյանի, դա, ըստ էության, պահանջված և անհրաժեշտ գումարից շատ ավելի մեծ գումար էր, որը դուրս է գրվել բյուջեից:

Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարել է, որ այս երկրում չի լինելու հանցագործության մասին որևէ հաղորդում, որի հետևից իրավապահները չգնան: Վերմիշյանի հայտարարությունները, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան հանցագործության մասին հաղորդումներ և հետաքրքիր է՝ արդյոք պատկան  մարմինները պատրաստվում են ուսումնասիրել վերը նշված հասցեական մեղադրանքները, թե հերթական անգամ ականատես կլինենք դրանք ջրելու գործընթացին...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular