ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


 Փիառ, միֆ, հեքիաթ. առանց ջրելու կրթության և գիտության ծառը պտուղներ չի տա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրեթե յուրաքանչյուր հարմար առիթի Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե աշխատաշուկայում ռեկորդներ են սահմանվում, նոր աշխատատեղեր են ստեղծվում և բարձրացվում են աշխատավարձերը։ Այս համատեքստում հետաքրքրական է, որ նա վերջին շրջանում հատուկ կենտրոնանում է ուսուցիչների աշխատավարձի թեմայի վրա։ Անգամ հայտարարում է, թե ուսուցիչը պետք է մինչև 800 հազար, նույնիսկ 1,2 մլն դրամ գումար ստանա։ Կարող է թվալ, թե կառավարությունն ինչ հրաշալի գործ է կատարում, որ ուսուցիչների աշխատավարձն աննախադեպ բարձրացնելու ճանապարհով է գնում, բայց իրականում խոսքն ավելի շատ փիառի, քան աշխատավարձի իրական բարձրացման մասին է։ Նախ՝ աշխատավարձի բարձացման համար ուսուցիչները պետք է ատեստավորման մասնակցեն, սակայն նրանց ընդամենը 10 տոկոսն է մասնակցել, բայց նույնիսկ մասնակցությունը դեռ բավարար չէ, քանի որ անհրաժեշտ է համապատասխան բալեր հավաքել անցնելու համար։

Ստացվում է, որ իշխանությունները բարձրացնում են 10 տոկոսից էլ քիչ ուսուցիչների աշխատավարձը, ընդ որում՝ ակնհայտ է, որ նշյալ 800 հազար դրամը պարզապես միֆ է, հեքիաթ։ Իսկ ինչո՞ւ 90 տոկոսը չի մասնակցում ատեստավորմանը: Բանն այն է, որ եթե նրանք չեն անցնում այն, ապա կանգնում են հեռացման կամ իրենց մասնագիտական գործունեության դադարեցման վտանգի տակ։ Մյուս կողմից էլ՝ ատեստավորման անցկացման համար բարդ ու խրթին թեստեր են կազմվում, որպեսզի այդ գործընթացը չգրավի ուսուցիչներին։ Կարճ ասած՝ այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ աշխատավարձի իրական ու համատարած բարձրացում չլինի։ Մասնագետները նաև նշում են, որ այդ թեստերի լրացումը կրթության արդյունավետության ու մակարդակի հետ ընդհանրապես կապ չունի, ուսուցիչը կարող է անգամ դոկտոր-պրոֆեսոր լինել և թեստը առանց որևէ սխալի լրացնել, բայց չկարողանա իր գիտելիքները պատշաճ ու հասկանալի ձևով մատուցել աշակերտներին։

Այդպիսով կրթության որակի հարցը երկրորդական պլան է մղվում։ Իսկ որակի բարձրացման համար նախ պետք է կրթության և գիտության մեջ լուրջ ներդրում կատարել, որպեսզի հնարավոր լինի արդյունք ստանալ։ Օրինակ՝ անհրաժեշտ է բարձրացնել ուսուցիչների մասնագիտացումը, նրանց հետ աշխատանքներ տանել, սովորեցնել ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները, իսկ հետո պահանջել, որ անցնեն ոչ թեստային համապատասխան ատեստավորում, որտեղ կներառվեն ոչ միայն նրանց գիտելիքները, այլև դասավանդման արդյունքները։ Նույնը վերաբերում է գիտնականների աշխատավարձի բարձրացման թեմային։ Եթե իշխանությունները մի փոքր, ոչ շոշափելի չափով բարձրացնում են գիտնականների աշխատավարձը, ապա այդ աշխատավարձի մակարդակին հասնելու կամ պահելու համար այնպիսի բարդ ու անտանելի պահանջներ են ներկայացնում, որ գիտնականը կարող է նախընտրել փոխել իր գործունեության ոլորտը, քանի որ այլ աշխատանքում ավելի քիչ ջանքերով հնարավոր է ավելի շատ վաստակել։ Մանավանդ երիտասարդների համար այդ դեպքում գիտությունը դառնում է ոչ գրավիչ։

Օրինակ՝ նրանք ավելի շատ կարող են նախընտրել ներգրավվել պարեկային ծառայության շարքերում, քան մուտք գործել գիտության ոլորտ։ Բացի այդ, երբ երիտասարդները տեսնում են, որ պատահականության բերումով պաշտոնյա դարձածներից շատերը, որոնք համապատասխան փորձ ու գիտելիքներ չունեն, ահռելի չափերի պարգևավճարներ են ստանում, նրանց աչքում գիտությունն ու կրթությունը կորցնում են իրենց արժեքը։ Եվ այս իրողությունը մեծապես ազդում է հայկական գիտության մակարդակի վրա։ Այնինչ, եթե իրապես ցանկություն լիներ գիտությունը զարգացնելու, ապա նախ՝ ներդրում կարվեր գիտության ոլորտում, կբարձրացնեին գիտնականների մասնագիտական և մրցակցային որակները, իսկ հետո կչափեին ներդրումների արդյունքները։ Այլապես այնպես է ստացվում, որ, պատկերավոր ասած, իշխանությունները չեն ցանկանում այսօր հողի մեջ սերմեր ցանել, որպեսզի որոշ ժամանակ անց բերք ստանան, այլ առանց ցանքսի կրթության ու գիտության ոլորտում ցանկանում են միանգամից բերքահավաք կատարել, ինչն անհնար է։

Ամբողջ աշխարհում այսօր կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիական ձեռքբերումները առաջնահերթ նշանակություն են ստացել, պետությունների միջև անգամ մրցակցություն է ընթանում առաջնության դափնիին հասնելու համար։ Ապագա չունի այն պետությունը, որտեղ ուսուցիչն ու գիտնականը ամենահարգված մասնագետներից չեն։ Իսկ աշխարհաքաղաքական բարդ վիճակում գտնվող Հայաստանի դեպքում այս խնդիրն ուղղակի առաջնային նշանակություն ունի։ Եթե չենք ուզում, որ Հայաստանը տարածաշրջանում ընդհանրապես լուսանցք մղվի, պետք է ոչ թե մակերեսային, այլ լրջորեն զբաղվել այս հարցով։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular