Ռուսաստանից կանչել են Ալեն Սիմոնյանին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 9-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա։
ՀՀ ԱԺ լրատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ հրավեր է ստացվել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից։
Հրավերը, ի դեպ, ուշագրավ ձևակերպում է պարունակում՝ «ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ-ի միջև փոխգործակցության զարգացման նպատակով»։ Մի շարք վերլուծաբաններ այս «հրավերը» համարում են բավական չոր, ինչը ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ ռուսական շրջանակների որոշակի նյարդային արձագանքի արտացոլումն է։
Թերևս, ռուսական կողմը փորձելու է որոշ բացատրություններ ստանալ Ալեն Սիմոնյանից, ով Նենսի Փելոսիի այցից հետո բավական խորացրել է իր շփումները արևմտյան շրջանակների հետ, թեև լավ հարաբերություններ ունի նաև ՌԴ իշխանական համակարգի ներկայացուցիչների հետ, ի տարբերություն իր կուսակիցների։
Չի բացառվում, որ քննարկեն նաև մասնակի իշխանափոխության հարցը, երբ հեռացնեն Փաշինյանին, բայց երկիրը շարունակի ղեկավարել «Քաղաքացիական պայմանագիրը»: Այդ դեպքում առավել լուրջ կլինեն Ալեն Սիմոնյանի շանսերը, ով լավ հարաբերություններ է ստեղծել թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ-ի հետ։
Մարատ Հակոբյան