Ռուսաստանի քաղաքացիները, մոբիլիզացիայի ֆոնին, շարունակում են լքել երկիրը. ռուս-վրացական սահմանին 20 կմ երկարությամբ խցանում է գոյացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս-վրացական սահմանին՝ Վերին Լարսում, Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են երկար հերթում կանգնած մնալ՝ Վրաստան մտնելու համար, հայտնում է newsgeorgia.ge կայքը։
Հերթը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը, ներառյալ սահմանային ընթացակարգերը, արդեն գնահատվում է երեքից չորս օր:
Վրաստան մուտք գործելու մեքենաների հերթն ավելի քան 20 կմ է: Անցումն իրականացվում է շատ դանդաղ: Հարյուրավոր մարդիկ Վրաստան են մտնում հեծանիվներով, շատերը 5-7 կիլոմետր քայլում են չեզոք տարածքով։
Այսօր տեղեկություններ են հայտնվել, որ Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններից մեքենաներին այլևս թույլ չեն տալիս մուտք գործել Հյուսիսային Օսիա, գրում է աղբյուրը։
Ըստ newsgeorgia.ge-ի` ակտիվորեն լուրեր են տարածվում նաև այն մասին, որ Ռուսաստանը շուտով կարգելի զինվորական տարիքի տղամարդկանց լքել երկիրը։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։
Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիա է հայտարարված։ Դրանից հետո տասնյակ հազարավոր ռուսներ սկսել են լքել երկիրը: