Բաքուն հայտարարել է դեպի Եվրոպա գազի արտահանումը 40%-ով ավելացնելու մտադրության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը պատրաստ է 2022 թվականին 40%-ով ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նրա խոսքով` Բաքուն մինչև այս տարվա վերջը տարածաշրջան վառելիքի արտահանման ծավալը 8,2-ից կհասցնի 11,5 միլիարդ խորանարդ մետրի։ «Այսպիսով, Հարավային գազային տրանսպորտային միջանցքը կհասնի ամբողջ հզորությանը»,- ասել է ադրբեջանցի նախարարը։
Ադրբեջանը գազ է վաճառում Եվրոպային 2020 թվականի վերջից Անդրադրիատիկ գազատարով։ Համաձայնագիրը ենթադրում է գազի արտահանում տարածաշրջան 25 տարով՝ տարեկան 10 միլիարդ խորանարդ մետրի չափով։ Դրանցից 8 միլիարդ խորանարդ մետրն արտահանվում է Իտալիա, 1 միլիարդը՝ Հունաստան եւ Բուլղարիա։
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն կկրկնապատկի Անդրանատոլիական գազատարի (TANAP) թողունակությունը, որն անցնում է Ադրբեջանից Վրաստանի և Թուրքիայի տարածքով մինչև Հունաստանի սահման: