Ռուբեն Վարդանյանին մինչև ամսվա վերջ կնշանակեն Արցախի պետնախարար
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳործարար, տակավին վերջերս ՌԴ քաղաքացիությունից հրաժարված և Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանին մինչև այս ամսվա վերջ կնշանակեն Արցախի պետնախարարի պաշտոնում։
Թեպետ Արցախի նախագահականից առայժմ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են այս լուրը՝ հորդորելով սպասել մինչև Վարդանյանի հետ համագործակցության մասին հավելյալ տեղեկությունների, մեր աղբյուրները նշում են, որ հարցը լուծված է, գործարարին կնշանակեն Արցախի պետնախարարի պաշտոնում։
Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, Վարդանյանը հենց պետնախարար դառնալու համար է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Ստեփանակերտ։
Շատերին կարող է մտահոգել գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի ճակատագիրը։ Նա, նշենք, առանց աշխատանքի չի մնա, ընդ որում շրջանառվում է երկու հնարավոր տարբերակ։
Բեգլարյանին կարող են նշանակել Արայիկ Հարությունյանի՝ վերջերս ստեղծած բուտաֆորիկ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում։ Թեև չի բացառվում, որ Արտակ Բեգլարյանին նշանակեն ԱԳ նախարար։
Գործող նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքից դժգոհություններ կան թե՛ Արցախի նախագահականում, թե՛ ՀՀ իշխանությունների մոտ։
Մհեր Վանոյան