Ովքե՞ր են ընդգրկվելու Արցախի նախագահին կից քաղաքական խորհրդում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին հնչեցրած իր ուղերձում հայտնեց նաեւ, որ Հանրային խորհրդի ձեւավորումից բացի մտադրություն ունի Նախագահին կից քաղաքական խորհուրդ ձեւավորել, «որում կհրավիրեմ ընդգրկվել Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներին՝ նախկին Նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ»: Եւ բացատրեց այսպես.
«Հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջև՝ Քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու ներառական միջավայր բոլոր հիմնական քաղաքական ներկայացուցչական խմբերի ու փորձառու դերակատարների համար»։
Մենք տեղեկացանք, որ Արցախի նախկին նախագահներից բացի Քաղաքական խորհրդում կընդգրկվեն նաեւ խորհրդարանական բոլոր 5 ուժերի ներկայացուցիչները, արտախորհրդարանական երկու ուժից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ականավոր պետական գործիչներ, որոնք հեղինակություն են վայելում երկրում: Թեկնածուներից մեկն, օրինակ, ԱՀ նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում