Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունեցել․ Ղրղզստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները տարհանվում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը լարվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ սահմանապահների միջև կրկին փոխհրաձգություններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
Ղրղզական կողմի հաղորդմամբ՝ իրավիճակը լարվել է սեպտեմբերի 14-ին Բուլակ-Բաշիի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Տաջիկստանի սահմանապահները մարտական դիրքեր են գրավել սահմանի տվյալ հատվածում, որից հետո փոխհրաձգություն է սկսվել նաև Կակ-Սայի շրջանում, իսկ ավելի ուշ՝ Սամարղանդեկ գյուղի տարածքում։
Երեկոյան կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի հաստատման և ուժերի դուրսբերման շուրջ։ Ղրղզստանը հայտնել է երկու սահմանապահի և երեք քաղաքացիական անձի վիրավորման մասին, մինչդեռ Տաջիկստանը՝ երկու զոհի, վեց վիրավոր զինվորականի և հինգ տուժած քաղաքացիական անձի մասին։