Կադիրովն առաջարկել է Ռուսաստանում «ինքնամոբիլիզացիա» հայտարարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջարկել է Ռուսաստանում «ինքնամոբիլիզացիա» հայտարարել, որի շրջանակում մարզերի ղեկավարները կարող են պատրաստել, վերապատրաստել և համալրել կամավորների՝ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությանն օգնելու համար։
Նրա խոսքով, Ռուսաստանում կան բավականաչափ անկեղծ հայրենասերներ, որոնքպատրաստ են համալրել կամավորների շարքերը, գրում է news.ru-ն։
«Ռուսաստանը դաշնային պետություն է, որտեղ մարզերը կարող են լինել ցանկացած ձեռնարկման նախաձեռնող։ Եվ այդ ձեռնարկումներից մեկն այսօր պետք է լինի ինքնամոբիլիզացումը... Ռուսաստանի յուրաքանչյուր սուբյեկտի ղեկավարն այսօր պետք է ապացուցի պետությանն օգնելու իր պատրաստակամությունը։ Եվ այդ օգնությունը պետք է արտահայտվի ոչ թե բանավոր ելույթներով կամ տարօրինակ ավտոերթերով, այլ կոնկրետ գործողություններով»,- ընդգծել է Կադիրովը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի յուրաքանչյուր ղեկավար ընդունակ է պատրաստել, վերապատրաստել և համալրել առնվազն հազար կամավոր, ինչը «այնքան էլ մեծ թիվ չէ» Ռուսաստանի Դաշնության մեկ սուբյեկտի համար: Սակայն ազգային մասշտաբով կարելի է խոսել 85 հազար մարդու մասին, ինչը կլուծեր Ուկրաինայում հատուկ գործողության կոնտինգենտի խնդիրը ամենակարճ ժամկետներում և առանց մոբիլիզացիա հայտարարելու, ասել է Կադիրովը։
Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր, որ Ռուսաստանում պետք է ռազմական դրություն մտցվի, իսկ Ուկրաինայում՝ «ցանկացած զենք պետք է օգտագործվի», միաժամանակ ընդգծելով, որ այդ կարծիքն իր անձնական տեսակետն է՝ որպես քաղաքացի, հայրենասեր և կամավոր։