ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


44-օրյա պատերազմում անձնակազմը ազատագրել է «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, սակայն Միքայել Արզումանյանը «նահանջ» հրաման է տվել. ՔԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-մայոր Մ.Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զինվորականի՝ իր հեղինակությունը և գերակա դիրքն ընդգծելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, հայտնում է ՔԿ-ն:

Այսպես.

2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՊԲ N զորամասի պաշտպանության տեղամասում գտնվող, Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղության հատվածում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ։ Նույն օրը յուրային ստորաբաժանումների կողմից կորցրած դիրքերն ազատագրելու ուղղությամբ իրականացված հակագրոհը ձախողվել է։

2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ. նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին մեծ կորուստներ պատճառելով վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը և հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը։  Մասնավորապես, ոչնչացվել  է հակառակորդի շուրջ 10 զրահատեխնիկա, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայող, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ։

2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, մոտեցել է նշված բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին՝ առ այն, որ «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, հակագրոհի օպերացիայի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի հիմնական կենդանի ուժը, զրահատեխնիկան,  չունենալով հակագրոհի օպերացիայում ընդգրկված վերոնշյալ ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորություններ, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:

Յուրային ստորաբաժանումները հրաժարվել են կատարել գեներալ-մայոր Մ.Ա.-ի կողմից տրված «նահանջ» հրամանը, որպիսի հանգամանքից վրդովված, վերջինս հրամայել է կապ հաստատել զորամասի հրամանատարի հետ, որից հետո ռադիոկապով վերջինիս նույնպես հրամայել է ենթակա ստորաբաժանումներին հանձնարարել թողնել «Արեգա» բարձունքը և նահանջել։

Ի պատասխան Մ.Ա.-ի կողմից տրված հրամանի՝ զորամասի հրամանատարը հակադարձել է՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ նահանջել ազատագրած բարձունքից, քանի որ այդ պայմաններում հակառակորդը կզբաղեցնի գերիշխող դիրք և կստեղծվի յուրային ստորաբաժանումների շրջափակման մեջ հայտնվելու վտանգ։ Մինչդեռ, գեներալ-մայոր Մ.Ա.-ն, օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, որպիսի գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը, վստահելով Մ.Ա.-ին և տվյալ պահին մեկ այլ վայրում գտնվելով մարտական գործողությունների ակտիվ շրջանում, ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը:

Գեներալ-մայոր Մ.Ա.-ի գործողությունների հետևանքով յուրային ստորաբաժանումները նահանջել են սկզբնական ելման կետ, հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: 2020 թվականի հոկտեմբերի 3-ին և 5-ին յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ:

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Մ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (համապատասխանում է գործողՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին):

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ս.թ. օգոստոսի 30-ին Մ.Ա.-ին մեղադրանք էր ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն) և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular